Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի բժշկական կենտրոնի տնօրեն Զոյա Մարտիրոսյանը, նրա քույրը և փեսան, որը Քարագլուխ համայնքի ղեկավարն է, փորձել են խլել Аrmday.am և Araratnews.am լրատվական կայքերի լրագրող Փայլակ Ֆահրադյանի տեսախցիկը։ Դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ին։
Նրանց բարկացրել է լրագրողի հարցը տարածված այն լուրերի մասին, որ բժշկական կենտրոնում մահվան տեղեկանքներ տրամադրելու համար պահանջում են 20 հազար դրամ, ինչպես նաև գանձում են գումար այն դեղորայքների դիմաց, որոնք պետք է անվճար տրամադրվեն։
Դեպքի մասին ՀՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել․ «Նկատի ունենալով, որ նախապատրաստվող նյութերում առերևույթ առկա են լրագրողի օրինական մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու հատկանիշներ՝ Վայոց Ձորի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով: Փայլակ Ֆահրադյանը ճանաչվել է տուժող»։
Armday.am-ը գրում է, որ բժիշկներն ու Քարագլխի համայնքի ղեկավար ՀՀԿ֊ական Արթուր Ստեփանյանը փակել են բժշկական կենտրոնի դուռը և լրագրողին արգելել դուրս գալ այնքան ժամանակ, քանի դեռ չի ջնջվել կրիչի պարունակությունը։ Փայլակ Ֆահրադյանին հաջողվել է սենյակից զանգահարել ոստիկանություն, որից հետո միայն նրանք դուռը բացել են, և լրագրողը դուրս է եկել։