Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) կոմունիկացրել է 2010թ. հուլիսի 28-ին Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակում սպանված զինծառայողներ Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը՝ գործի վերաբերյալ պատասխաններ պահանջելով ՀՀ կառավարությունից։ Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Պաշտոնական վարկածի համաձայն, զինծառայող Կարո Այվազյանը՝ վախենալով ավատ լեյտենանտ Վ․ Թադևոսյանի զայրույթից, իրեն ամրակցված զենքից կրակել և սպանել է հրամանատարին, ապա 4 ծառայակիցներին և ինքնասպան եղել։ Բանակ զորակոչվելուց առաջ Այվազյանը բնակվել էր ԱՄՆ-ում, որտեղ էլ դատապարտվել էր 3 տարվա ազատազրկման, որից հետո արտաքսվել էր Հայաստան: Ամերիկյան դատարանի որոշմամբ՝ վերջինիս արգելված է եղել զենք կրել և գտնվել այնպիսի վայրերում, որտեղ զենք կա: Դրա վերաբերյալ փաստաթղթի առկայության պարագայում նրան միևնույն է զորակոչել են:
Ռոբերտ Հովհաննիսյանի և Անդրանիկ Սարգսյանի իրավահաջորդների գանգատը 2013 թ.-ին ՄԻԵԴ են ներկայացրել սպանված զինծառայողների իրավահաջորդների ներկայացուցիչները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը և կազմակերպության իրավաբան Արայիկ Զալյանը: Դրանում հիմնավորումներ են ներկայացրել այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունը չի պաշտպանել իր վերահսկողության տակ գտնվող զինծառայողների կյանքի իրավունքը, պատշաճ քննություն չի իրականացրել դրա խախտման ուղղությամբ՝ քրեական գործում առկա բազմաթիվ չպարզաբանված հարցերի ու հակասությունների առկայության պայմաններում: Դրանով խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը:
Սպանությունների դեպքով հարուցված քրեական գործը հանցագործություն կատարած անձի մահվան հիմքով մեկ տարի անց կարճվել էր, իսկ քրեական գործը կարճելու վերաբերյալ որոշման դեմ տուժող կողմի բողոքները մերժվել են: Դա հաշվի առնելով՝ տուժողների իրավահաջորդները պնդում են, որ իրենք զրկված են եղել հետաքննությանը մասնակցելու հնարավորությունից, ինչով խախտվել է նրանց՝ Մարդու իրավունքների եվրոպակամ կոնվենցիայի 13-րդ հոդվածով ամրագրված իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքը: