Ստամբուլում դատախազները երկրի զինված ուժերում 360 անձանց ձերբակալման հրաման են արձակել․ նրանց կասկածում են Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ։ Ըստ թուրքական պետական անատոլիական գործակալության՝ ձերբակալության վտանգի առաջ հայտնվածներից 333֊ը զինծառայողներ են, որոնցից 216֊ը գտնվում են ակտիվ զինվորական ծառայության մեջ։
Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարությունը համոզված է, որ նախորդ տարի Թուրքիայում հեղաշրջման փորձը կազմակերպվել էր Գյուլենի ու նրա աջակիցների ցանցի կողմից։ Ինքը՝ Գյուլենը, տվյալ մեղադրանքները հերքում է։
Ստամբուլի ոստիկանության աշխատակիցներն այժմ կասկածյալների ձերբակալման գործողություն են իրականացնում։ «Դողան» մասնավոր լրատվամիջոցը հայտնում է, որ ձերբակալվածներից 7֊ը օդաչուներ են եղել։
Անհաջող հեղաշրջման փորձից հետո, որի հետևանքով զոհվեց 250 մարդ, Գյուլենի հետ կապեր ունենալու մեղադրանքով մինչ օրս Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար մարդ, 150 հազար հոգի հեռացվել է պետական և մասնավոր հատվածներում աշխատանքից։ Անցյալ շաբաթ հեղաշրջմանը ներգրավվածության կասկածանքով ևս բերման էր ենթարկվել շուրջ 700 մարդ:
Արևմտյան դաշնակիցներն ու Թուրքիայի իրավապաշտպան խմբերը բազմիցս իրենց մտահոգությունն են արտահայտել այլախոհության դեմ Անկարայի գործելաոճի վերաբերյալ։ Ֆեթուլլահ Գյուլենը ներկայումս գտնվում է ԱՄՆ֊ում․ Վաշինգտոնը հրաժարվում է նրան հանձնել Անկարային՝ հիմնավորելով, որ Թուրքիան չի ներկայացրել Գյուլենի մեղքի վերաբերյալ բավարար ապացույցներ։