Home / Բանակ / Զինծառայողն ընդունել է՝ զինակցին սպանել է «իր սրբությունը հայհոյելու համար»

Զինծառայողն ընդունել է՝ զինակցին սպանել է «իր սրբությունը հայհոյելու համար»

Արարատի մարզի Մխչյան գյուղի բնակիչ, 19-ամյա զինծառայող Հովհաննես Խուդավերդյանը իրեն մեղավոր է ճանաչել զինակցին, 19-ամյա Վահագն Վիրաբյանին սպանելու մեջ և դատապարտվել 9 տարի 9 ամիս ազատազրկման։

Լեռնային Ղարաբաղի հարավում տեղակայված զորմասերից մեկում զինառայության ժամանակ՝ 2016 թվականի հոկտեմբերի 14-ին , Խուդավերդյանը և Վիրաբյանը վիճել են․ պատճառն այն է եղել, որ Խուդավերդյանը հայտնել էր վերադասներին, թե Վիրաբյանը մարտական դիտակետում քնում է։ Ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ Վահագն Վիրաբյանն իրեն ասել է, որ քնելու մասին դիրքի ավագին տեղյակ պահելը «լավ տղայի» քայլ չէ ու զորամաս վերադառնալուց հետո իր նկատմամբ վատ է վերաբերվելու` «գառլախելու» է: Ըստ մեղադրյալի՝ Վիրաբյանը նաև իր «սրբությանն է հայհոյել», ինչից հետո ինքը բացել է իրեն ամրակցված «ԱԿ-74» տեսակի ինքնաձիգի ապահովիչը, և կրակահերթ արձակել զինակցի ուղղությամբ։

Դատաբժշկական փորձաքննությունները Խուդավերդյանին համարել են մեղսունակ, և դատարանը հաստատված է համարել, որ նա գիտակցել է՝ ինչ է անում։ Ըստ Սյունիքի մարզի դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանի վճռի ՝ Խուդավերդյանը վրեժ է լուծել, ինչը հաստատվել է նաև այլ զինծառայողների ցուցմունքներով։ Վկա զինծառայողները պատմել են, որ Խուդավերդյանն ասել է՝ Վիրաբյանը «լաբավոյ խլեշա անում, բա չխփեի», «Վահագնը սրբությանս քֆուրա արել, մագազինը պրծցրել եմ վրեն, ով էլ ըլներ` նույնը կաներ», «թող դատեն, ես քֆուրի տակ չեմ մնա»: