Լոռու մարզի Շնող համայնքի բնակիչները պահանջում են մերժել «Թեղուտ» ՓԲԸ-ի՝ Թեղուտի պղինձ-մոլիբդենային կոմբինատը (ներառյալ հանքավայր) մինչև 15մլն.տ/տարի ընդլայնելու նախագիծը։ Բնակիչները բաց նամակ են գրել Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին` պահանջելով նաև, որ Կառավարությունը պարտադրի ընկերությունից վերացնել մինչ այժմ հարուցած բնապահպանական վնասը` արտահոսքերն ու արտանետումները և դրանց հետևանքները, ինչպես նաև փոխհատուցել շրջակա միջավայրին և ազդակիր համայնքներին պատճառված վնասը։
Գյուղացիները նամակում առանձնացրել են հանքաարդյունաբերության տված վնասները և «Թեղուտ» ընկերության անտարբերությունն այդ վնասները վերացնելու կոչերին․
««Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից Թեղուտի հանքավայրի շահագործման արդյունքում Շնող գետը և մեզ պատկանող տարածքները պարբերաբար և մշտապես աղտոտվում են արտահոսքերով և արտանետումներով՝ պարբերաբար պատճառելով մեզ տնտեսական վնասներ: Ջրի և մեր հողերի աղտոտման հարցը մենք բազմիցս բարձրացրել ենք «Թեղուտ» ՓԲԸ-ի առաջ` պահանջելով վերացնել արտահոսքերի և արտանետումների պատճառները և վերականգնել մեր` մաքուր ջուր, մաքուր օդ, մաքուր հող ունենալու և առողջ շրջակա միջավայր ունենալու իրավունքները, փոխհատուցել մեզ այս տարիների ընթացքում պատճառված տնտեսական վնասները: Սակայն իրավիճակը մնում է նույնը, և արտահոսքերը շարունակում են թունավորել մեր շրջակա միջավայրը։ Անգամ ընկերության կողմից արված գյուղատնտեսական նշանակության հողի նմուշառման արդյունքում պարզ է դարձել, որ մեր հողերն աղտոտվել են, և պղնձի, կադմումի, մկնդեղի, ցինկի պարունակությունը հողում նորմայից բարձր է։ Այս հարցը պետք է դիտարկվի առանձին և կարգավորվի ՀՀ բնապահպանական օրենսդրության շրջանակներում», ֊ ասված է նամակում:
Շնողցիները նաև հիշեցրել են, որ «Թեղուտի» բնապահպանական նորմերը խախտելու մասին է վկայում նաև այն, որ միջազգային ներդրողները, մասնավորապես, Դանիայի արտահանումները խթանող «Արտահանումների վարկավորման գործակալությունը» (EKF) և PensionDenmark մասնավոր կենսաթոշակային հիմնադրամը հետ են պահանջել 62 միլիոն ամերիկյան դոլարի չափով վարկը։ Ներդրողներն իրենց որոշումը բացատրել են բազմաթիվ զգուշացումներից հետո Թեղուտում բնապահպանական ու սոցիալական իրավիճակը չշտկելով։