Արդարադատության խորհուրդը նկատողություն է արել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին և 6 ամիսով զրկել է նրան աշխատավարձի 25 տոկոսից: Պատճառն այն է, որ Մելքումյանն ամուսնալուծության և երեխայի խնամքի հարցի գործով 3֊ամյա երեխային որոշել է հանձնել հոր խնամքին, թեև արդեն ուժի մեջ կար մեկ այլ վճիռ՝ երեխային մոր խնամքին թողնելու մասին։
Արդարադատության խորհուրդը նկատողությունը հիմնավորել է համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի, ըստ որի նախկինում քննված քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած, դատարանի վճռով հաստատված հանգամանքները դատարանում այլ գործ քննելիս կրկին չեն ապացուցվում:
Մելքումյանի նոր վճռի հիմնավորումները, ըստ մոր՝ Անահիտ Սարգսյանի, երեխայի առավելագույն շահից չեն բխել։
Դատավորի հիմնավորումները հետևյալն են․ Անահիտ Սարգսյանը բնակվում է առանձին, իսկ Վանանդ Անդրեասյանը` ծնողների և քրոջ հետ, ինչը նշանակում է, որ երեխան ոչ միայն հոր ուշադրության կենտրոնում է լինելու, այլև վերջինիս ծնողների, քրոջ, հարկ եղած դեպքում տնաշխատների` ուշադրության կենտրոնում, ինչն այս պարագայում շատ կարևոր է, քանի որ ինչպես Անահիտը, այնպես էլ Վանանդը աշխատում են։
Երկրորդ՝ նիստերի ժամանակ Վանանդ Անդրեասյանն ավելի զուսպ էր, ավելի հավասարակշված, Անահիտ Սարգսյանի հանդեպ հարգալից վերաբերմունք էր ցուցաբերում:
Երրորդ՝ դատարանը գտել է, որ Անդրեասյանի՝ Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունն ավելի մեծ է, ունի մեծ բակ, որտեղ երեխան կարող է խաղալ, քաղաքի կենտրոնից ավելի հեռու է գտնվում, նշված տարածքն ավելի քիչ է բնակեցված, մեքենաները ավելի քիչ են, հետևապես օդը համեմատաբար ավել քիչ աղտոտված է, մինչդեռ Անահիտ Սարգսյանի բնակարանը գտնվում է քաղաքի կենտրոնում, որտեղ օդն ավելի աղտոտված է, այն շատ ավելի փոքր է, բնակարանի պատուհանները բավականին ցածր են տեղադրված, ինչը նշանակում է, որ երեխան կարող է պատուհանները բացել, բարձրանալ պատուհանագոգին և ընկնել, այսինքն` Վանանդ Անդրեասյանի բնակարանային պայմանները ավելի բարեկեցիկ են և անվտանգ:
Չորրորդ՝ դատարանն համարել է, որ երեխան արդեն բավական մեծ է՝3 տարեկան, և քանի որ այլևս կրծքով չի կերակրվում, մոր անընդհատ խնամքի կարիքը բացակայում է։ Դատավոր Մելքումյանը նաև վճռում անհամաձայնություն է արտահայտել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին առընթեր խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը եզրակացության հետ, համաձայն որի երեխայի բնակության վայրը հոր բնակության վայրով որոշելու և մշտական խնամքը հորը հանձնելու դեպքում երեխայի մոտ հնարավոր է առաջանան հոգեբանական խնդիրներ, ինչը չի բխում երեխայի լավագույն շահերից։
Մելքումյանի վճիռը բեկանվել է Վերաքննիչ դատարանում և երեխայի խնամքը վերադարձվել է մորը։
Անահիտ Սարգսյանի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ երեխայի խնամքի վեճերում կարևոր դեր պետք է ունենա խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովը, որը որպես ինստիտուտ կայացած չէ․ այն հիմնականում բնակարանային պայմանների վրա է ուշադրություն դարձնում, մինչդեռ հաճախ չի ունենում հոգեբան մասնագետներ, ովքեր կուսումնասիրեն նաև կացության վայրի ազդեցությունը երեխայի հոգեական ապրումների վրա։
«Արտադատական մարմինը պետք է գործի այս հարցերում, հատկապես եթե հաշվի առնենք, որ դատական պրոցեսները տևում են տարիներ», ֊ ասել է Կիվիրյանը։