Դեկտեմբերի 11֊ին Գյումրիում, բնակելի շենքերին հարակից տարածքում շներին կրակել են ոստիկանության գիտությամբ։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է «Փրո փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանը։
«Տեսանյութը բնակիչներն են նկարահանել և ահազանգով ուղարկել։ Նման դեպքերում ոստիկանությունն առանց որևէ դիմումի պարտավոր է անմիջապես գործողություններ ձեռնարկել՝ հանրային վայրում բացեիբաց զենք օգտագործելու կամ ուղղակի կրելու համար։ Մենք հիմա ենք տեսնում, բայց այնպես չէ, որ դա նոր է տեղի ունեցել։ Իրանց մոտ դա ոստիկանության կողմից, ոստիկանության աշխատակիցներով զուգորդվող գործողություն է, որը նրանք անընդհատ անում են։ Փաստորեն ոստիկանությունը ոչ միայն ոչինչ չի անում, այլև օժանդակում է։ Տեղական ինքնակառավարող մարմինը երբեք ինքնագլուխ ոչինչ չի անում։ Ինքն անում է որսորդների օգնությամբ և ոստիկանության կամ ուղեկցությամբ կամ անմիջական դաբռոյով», ֊ ասել է Նարե Արամյանը։
Նշենք, որ սպանդի տեսանյութը հրապարակվել է «ԴԻՆԳՈ կենդանիներ սիրող ակումբ» հկ֊ի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։
ԴԻՆԳՈ֊ի հիմնադիր֊նախագահ Օվսաննա Հովսեփյանը Epress.am֊ին ասել է, որ իրենք հաղորդում են ներկայացրել Ոստիկանություն, սակայն դեռ պատասխան չեն ստացել։
«Վարչական 92 հոդվածն է կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին, բայց գլխավորապես բնակելի վայրերում զենքի կիրառման հետ կապված հոդվածներով։ Կենդանիների հետ կապվածը վարչական է և ենթադրում է միայն տուգանք, իսկ բնակելի վայրում զենքի կիրառումն արդեն քրեական մասով։ Ոստիկանությունից դեռ արձագանք չկա, քանի որ օրենքով սահմանված ժամկետ կա։ Մենք չգիտենք ովքեր են եղել կրակողները, բայց հուսով ենք, որ ոստիկանությունը կպարզի»֊ ասել է Հովսեփյանը։
Կենդանասերի խոսքով՝ նմանատիպ դեպքեր Հայաստանում շատ են կատարվում։
«Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զենքով են կենդանիների հարցը լուծում։ Բայց այլևս չի կարող այսպես շարունակվել։ Օրը ցերեկով զենքը վերցնել, փողոցում կրակել․․․ Եթե նույնիսկ կենդանի չես սիրում, միևնույնն է նորմալ չի նայվում մարդկանց տեսանկյունից։ Այդ նույն գնդակը կարող է շատ հանգիստ կպնել ինչ֊որ մեկին։ Պարտադիր չէ, որ սպասենք մարդ մահանա կամ լուրջ վնասվածք ստանա, որպեսզի դրա դեմ ինչ֊որ գործողություններ ձեռնարկեն», ֊ նշել է ԴԻՆԳՈ֊ի հիմնադիրը։