Գյումրեցի 18-ամյա Լեռնիկ Հունոյանը քայլում է կաղալով և կիսածռված, ոտնաթաթերի վրա գոյացություններ կան, «վրեն ոսկոր է աճած», ողնաշարը դեֆորմացած է, ունի նաև տեսողության խանգարում։ Գլխավոր զինկոմիսարիատը նրան որոշակի սահմանափակումներով ճանաչել է պիտանի զինվորական ծառայության։ Զինծառայողի մայրը՝ Գայանե Հուսիկյանը, խնդրում է կրկին հետազոտել որդուն պարզելու համար՝ արդյոք նման զորակոչիկի կարո՞ղ են բանակ տանել։
ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի այսօրվա՝ դեկտեմբերի 25-ի նիստին քննվել է Հուսիկյանի դիմումը։
Նիստի ժամանակ Լեռնիկը ցուցադրել է ոտքերը․ ոտնաթաթերի առաջնային մասում անզեն աչքով անգամ ոսկորային գոյացություն նկատվում, երիտասարդը կաղալով է քայլում։
«Ես նրան մտնելիս տեսա, էդ ժամանակ էլ էր կաղալով քայլում, նենց որ հաստատ չի ձևացնում», -խորհրդակցության ժամանակ հաստատել է հանձանաժողովի անդամներից մեկը։
Զինակոչիկի մոր խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում ասել են, որ նա չի կարող այդ ոտքերով կրել զինվորական կոշիկներ․ «Միայն փափուկ կոշիկներ պետք է հագնի»։
«Զինվորական ծառայության պիտանելիության գլխավոր չափանիշներից է, որ զինծառայողը կարողանա կրել զինվորական հանդերձանքը, եթե իր առողջական խնդիրը թույլ չի տալիս դա, ապա չի կարող ծառայել», – հաստատել է Հասարակական խորհրդի նախագահ, ՊՆ խորհրդական Գեղամ Հարությունյանը։ Վերջինս նշել է, որ հետագա տարիների համար քննարկվում է այն հարցը, որ ոտքերի հետ խնդիրներ ունեցող զինծառայողները կսկսեն կրել այլ ստանդարտներով կոշիկներ։
Չնայած զինծառայողը ցույց է տալիս դեֆորմացված ոտքը, սակայն դա դեռ ապացույց չէ, միայն բժշկական փաստաթուղթը կարող է հաշվի առնվել։ Ծնողների խոսքով՝ Գյումրիի բժշկական կենտրոնում, երբ իմացել են, որ հետազոտությունը արվում է զորակոչիկի համար, հրաժարվել են որևէ փաստաթուղթ տալ։ Բացի դրանից, հետազոտությունների համար զինկոմիսարիատից ուղեգիր են խնդրել, սակայն հրաժարվել են տալ։
«Նախազորակոչային տարիքում բոլոր հետազոտություններն անվճար են, ինչի՞ թուղթ չեն տվել», – դժգոհում է մայրը։
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի կենտրոնի ուսումնասիրության մեջ նշված է, որ Հունոյանն ունի «քայլքի չափավոր խանգարում», որի դեպքում զինծառայողը կարող է զորակոչվել բանակ։ Այդ ախտորոշմանը ծնողները չեն հավատում։ Հանձնաժողովը որոշում է ընդունել զինծառայողին ևս մեկ անգամ ընդունել դեկտեմբերի 27-ի նիստին, եթե նա բերի բժշկական ապացույց, որտեղ «այլ պատկեր է»։
Նշենք, որ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ Հելսինկյանք քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը նշել է, որ քաղաքացիական հիվանդանոցները զորակոչիկներին հրաժարվում են փաստաթուղթ տրամադրել։
«Բացի սա, երբ զորակոչիկը ցանկանում է ճշտել իր առողջական վիճակը քաղաքացիական բժշկական հաստատությունում նրանց հրաժարվում են կամ բուժզննել, կամ զննելու դեպքում որևէ փաստաթուղթ տրամադրել։ Սա նշանակում է, որ կա հրահանգավորում», ֊ ասել է Սադիկյանը։