«Սասնա ծռեր» խմբի անդամներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին աջակցություն հայտնած Արայիկ Խանդոյանը երեկ դադարեցրել է հացադուլը։ Այս մասին Epress.am֊ին ասել է Արայիկ Պապիկյանը։
«Երեկ երեկոյան նա դադարեցրել է հացադուլը։ Ինքը հացադուլով աջակցում էր իր մյուս երկու ընկերներին՝ Սմբատ Բարսեղյանին և Արմեն Բիլյանին։ Խանդոյանն աջակցություն էր ցուցաբերել, որպեսզի նրանց խնդրին ավելի մեծ ուշադրություն դարձվի։ Բայց մյուս կողմից էլ մտածում էր, որ ինքը ներգրավվելով իր վրա է ավելի շատ ուշադրություն գրավում։ Եվ հիմա նա այդ տեսադաշտից մի կողմ է գնացել, որպեսզի ամբողջ ուշադրությունը դարձվի Սմբատ Բարսեղյանի և Արմեն Բիլյանի վրա», ֊ ասել է Պապիկյանը։
Նշենք, որ Բարսեղյանը հացադուլի մեջ է արդեն 14 օր, իսկ Բիլյանը՝ 22 օր։ Նրանք պահանջում են իրենց տեղափոխել «Արմավիր» ՔԿՀ։ Բիլյանը պահանջում է նաև իրեն պատշաճ բժշկական օգնություն ցուցաբերել՝ անհաժեշտության դեպքում տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց։ Արայիկ Խանդոյանն ի համերաշխություն Բիլյանի և Բարսեղյանի հացադուլին էր միացել դեկտեմբերի 29-ին։