Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղի բնակիչ 20-ամյա Դավիթ Բաղիկյանը 2017 թվականի ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Ներքին Հորաթաղ գյուղի զորամասում գլխի շրջանում վիրավորում է ստացել, սակայն հարազատների համար մինչ օրս անհասկանալի են դեպքի մանրամասները։ Դժբախտ պատահարից ամիսներ անց Բաղիկյանը վերականգնողական բուժում է ստանում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանադանոցում։ Epress.am-ի հետ զրույցում նախկին զինծառայողի հայրը՝ Սամվել Բաղիկյանը, և հորեղբայրը՝ Գրիշա Բաղիկյանը, պատմել են դեպքի մասին իրենց հասած կցկտուր տեղեկությունները։
«Ճիշտը չեն ասում՝ ոնց է եղել։ Երեխեն էլ չի ասում, առայժմ։ Երեխեն մի մոմենտ ասաց, որ շոֆերն է մեղավոր, հիմա էլ ասում է՝ չեմ հիշում», – մեզ հետ զրույցում ասել է Սամվել Բաղիկյանը։
Նախկին զինծառայողի հոր և հորեղբոր խոսքով՝ իրենց ասել են, որ 8 ամսվա զինծառայող Դավիթի գլուխը մնացել է ավտոմեքենայի և ջրի ցիստեռնի արանքում։
«Կամանդիրն ասել է՝ ինչ-որ ջրի ցիստեռն պետք է կապեն մեքենայի հետևը։ 3-4 հոգի են եղել։ Հետո տեղը թեք է եղել, ավտոն պահել չեն կարողացել․․․», – Բաղիկյանը հիշում է՝ առաջին օրն իրենց ասել են, որ դեպքի ժամանակ վնասվել է նաև մեկ սպայի ձեռք․ «Հետո կամանդիրն ասաց՝ սուտ է»։
Հայրը չգիտի՝ ինչու որդին պետք է ջուր տեղափոխեր։ Որդին ասել է՝ իրենց կանչել են օգնության։ Հոր տեղեկություններով՝ կա հարուցված քրեական գործ, իսկ արդյոք վարորդի դեմ գործ հարուցվել է, թե ոչ՝ վստահ չէ։
Սամվել Բաղիկյանը զրուցել է որդու ծառայակիցներից մեկի հետ, սակայն նա ասել է, որ ոչնչից տեղյակ չէ․ «Երևի վախեցել են»։
Դավիթն այժմ քայլել չի կարողանում․ «Ոտքերը չի բացում, մասաժներ են անում»։
Բուժման համար անապահով ընտանիքը երբեմն դեղեր է գնում, որի գումարը դժվարությամբ է գտնում․ «Պաշտպանության նախարությունը պետք է օգնի, հերիք է, նախարարությունը, ասենք, կերավ, կերավ, մեզ էլ կերավ։ Էնքան բարկացած ենք էս նախարարության վրա։ Մենք ուզում ենք՝ էս նախարարությունը ցրենք, որովհետև նրանք ճիշտ չեն աշխատում», -ասել է զինծառայողի հորեղբայրը։
Հոր խոսքով՝ իրենց Պաշտպանության նախարարությունից փոխանցել են 500 հազար դրամ։ Դրանից հետո ոչ մի օգնություն ցույց չեն տվել։ Նամակ են գրել, որի պատասխանն է․ «Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր դիմումի՝ հայտնում եմ, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից, որպես սոցիալական աջակցություն, միանվագ դրամական օգնություն, կարող է վճարվել միայն ՀՀ կառավարության 2000 թ. նոյեմբերի 27–ի թիվ 778 որոշման շրջանակներում՝ ՀՀ ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչությունում հաշվառված հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողներին և ծառայության ընթացքում զոհված, (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ ֆինանսական օգնություն հատկացնելու վերաբերյալ Ձեր խնդրանքը բավարարել հնարավոր չէ»։