Home / Մեդիա / Ոստիկանները ապօրինաբար լրագրողի տուն էին մտել․ դատարանը ՀՔԾ-ի կողմից է

Ոստիկանները ապօրինաբար լրագրողի տուն էին մտել․ դատարանը ՀՔԾ-ի կողմից է

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշել է լրագրող Արփի Մախսուդյանի բնակարան ոստիկանների մտնելու գործով ՀՔԾ-ի՝քրեական հետապնդում չիրականացնելու և վարույթը կարճելու մասին որոշումը թողնել անփոփոխ։ Ըստ դատարանի, ՀՔԾ֊ն իրականացրել է անկողմնակալ, լրիվ և արդյունավետ քննություն: Մախսուդյանի ներկայացուցիչ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի փաստաբան Անի Չատինյանն այդ որոշման դեմ արդեն բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան։

2017 թվականի մայիսի 11-ի վաղ առավոտյան Civilnet.am կայքի լրագրող Արփի Մախսուդյանի տուն էին այցելել քաղաքացիական հագուստով 4 ոստիկաններ և առանց համապատասխան թույլտվություն ունենալու ցանկացել են խուզարկել բնակարանը։ Ոստիկան ներկայացած անձինք ասել էին, որ Մոսկվայից տեղեկություն ունեն, թե բնակարանում է թաքնվում ծանր հանցագործություն կատարած ոմն Կարեն։ Նրանք լրագրողի և նրա սկեսրայրի կամքին հակառակ մտել էին տուն և ցանկացել խուզարկություն կատարել։ Տեղեկանալով, որ դատարանի կողմից բնակարանում խուզարկություն անելու թույլտվություն չունեն՝ Մախսուդյանները նրանցից պահանջել են հեռանալ, իսկ ոստիկանները ցանկացել են Արփիի սկեսրայրին բերման ենթարկել։ Ոստիկանների վերաբերմունքը փոխվել է միայն այն բանից հետո, երբ լրագրողը փորձել է հեռախոսով կապվել իրավաբանի հետ: Դրանից հետո այցելուները, սպառնալիքներ հնչեցնելով և ընտանիքի անդամներին ահաբեկելով, հեռացել էին։

Դեռևս 2017 թվականի հունիսի 27-ին Հատուկ քննչական ծառայությունը որոշում էր կայացրել հետապնդում չիրականացնել Մախսուդյանի տուն այցելած ոստիկանության աշխատակիցների հանդեպ՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

Այդ որոշումը նախ բողոքարկվել էր Դատախազությունում, սակայն անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժվել էր։ Դրանից հետո Մախսուդյանը և նրա ներկայացուցիչը դիմել էին դատարան։

Դատարան ներկայացրած իրենց հիմնավորումներում Չատինյանը նշել էր, որ վարույթն իրականացնող մարմինը չի ձեռնարկել բոլոր միջոցները պարզելու համար կատարվածը։

«Ոստիկանության աշխատակիցները տեղեկություն են ունեցել, որ Մախսուդյանի բնակարանի ինտերնետով որևէ մեկը կապի մեջ է մտել, ինչն էլ կասկած է հարուցում, որ վտանգված են լրագրողական աղբյուրները, գաղտնազերծված են տուժողի նամակագրական և հեռախոսային կապերը, բացի դրանից՝ նրա անձնական և ընտանեկան կյանքում անօրինական միջամտություն է կատարվել», – փաստաբանը նշել է, որ բարձրացված այս հարցերի շրջանակներում վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել։ Բացի դրանից, այդպես էլ չի բացահայտվել ոստիկանների՝ բնակարան գալու հիմնական շարժառիթը․ «Քննությունը կրել է ձևական բնույթ և չի բացառվում, որ այն կատարվել է Արփի Մախսուդյանի նամակագրական խոսակցությունները վերահսկելու նպատակով»։

Ըստ Չատինյանի՝ վարույթն իրականացնող մարմինը հենվել է միայն ոստիկանների ցուցմունքների վրա։ ՀՔԾ-ն համարել է, որ նրանք ոչ թե գնացել են լրագրողի տուն խուզարկություն անելու, այլ գնացել են ոմն Կարենին գտնելու։

Չնայած Մախսուդյանը նշել է, որ իրենց ինտերնետից օգտվում են նաև հարևանները, վարույթն իրականացնող մարմինը որևէ քայլ չի ձեռնարկել դա պարզելու համար։

Ըստ դատարանի՝ դիմողի իրավուքները կամ ազատությունները չեն խախտվել, կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ։

Epress.am-ի հետ զրույցում Մախսուդյանը նշել է, որ քննության ընթացքն իր մոտ ամրապնդում է այն մտահոգությունը, որ սա հետապնդում էր ոստիկանության կողմից․ «Առ այս պահ անհայտ է, թե որն է եղել ոստիկանների այցի շարժառիթը և  առերեսման ժամանակ ոստիկանների ասած պնդումը, թե եկել էին հանցագործ հայտնաբերելու՝ առանց խուզարկություն իրականացնելու: Անհասկանալի է մնում, թե ինչպես էին հայտնաբերելու այդ անձին, եթե չէին պատրաստվում խուզարկություն կատարել»։

Tekali Taxi