Պաշտանության բանակի պայմանագրային զինծառայող Էդգար Հակոբյանը մի քանի անգամ դիմել է պայմանագրի լուծարման պահանջով, սակայն հրամանատարից ստացել է միայն «բացատրական աշխատանք»՝ ծեծի ու նվաստացումների տեսքով։ Դեպքի մասին հայտնում է Forrights.am-ը։
Հակոբյանը պահանջել է, որ Լեռնային Ղարաբաղի բանակը լուծի իր հետ պայմանագիրը։ Նա բողոքել է, որ Ասկերանի զորամասերից մեկում, որտեղ նա ծառայում էր, անմարդկային պայմաններ են, որ ինքը երիկամների հիվանդություն է ձեռք բերել ծառայության առաջին ամիսներին, որ առողջական վիճակից ելնելով՝ չի կարողացել մարտական հերթապահություն իրականացնել, ինչի մասին մի քանի անգամ դիմումներ է ներկայացրել զորամասի հրամանատարին։ Վերջինս, սակայն, պատռել է դիմումները և փորձել է Հակոբյանին ստիպողաբար ուղարկել դիրքեր՝ սպառնալով, որ հակառակ դեպքում Էդգարը «կդատվի»։
Լրագրող Սյուզան Սիմոնյանը գրում է․
«Զինծառայողն ինքնակամ հեռացել է ծառայության վայրից, սակայն հետ է վերադարձել և մի քանի անգամ դաժանաբար ծեծի է ենթարկվել ռազմական ոստիկանության աշխատակիցների և անձամբ քննչական բաժնի պետի կողմից։ Շարքային Հակոբյանին փաստորեն զորամասում ինքնադատաստանի են ենթարկել, խոշտանգել ու նվաստացրել են։ Արցախի ՊՆ֊ն չի հերքում խոշտանգումների, ծեծի մասին տեղեկությունները, ուղղակի իբրև նրա նկատմամբ վատ վերաբերմունքի արդարացում, նշում է, որ Հակոբյանը կարգազանց զինծառայող էր, ապա մանրամասնորեն ներկայացնում է, թե քանի անգամ և երբ նա չի ներկայացել ծառայության, քանի անգամ է բերման ենթարկվել ոստիկանության կողմից, նաև՝ որ նրա հետ «բացատրական աշխատանք» է տարվել զորամասի հրմանատարի կողմից։
«Առաջին անգամ նա ծառայության չի ներկայացել 2017 թ․ նոյեմբերի 11-ին։ Նոյեմբերի 13-ին ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել զորամաս, որտեղ զորամասի հրամանատարի կողմից Է․ Հակոբյանի հետ տարվել է բացատրական աշխատանք»,֊ գրված է ռազմական գերատեսչության պարզաբանման մեջ։
Իհարկե հայտնի է, որ մեր բանակում «բացատրական աշխատանք տանելը» լայն հասկացություն է։ Թե ինչով է զինծառայողը պատճառաբանել իր ծառայության չներկայանալը, քանի անգամ է նա դիմում գրել զորամասի ղեկավարությանը իր խնդրիների մասին և այլ մանրամասներ Արցախի Պաշտպանության նախարարությունը հարկ չի համարել անդրադառնալ։ Բայց ամենահետաքրքիրն այն է, որ պարզվում է՝ Էդգար Հակոբյանը «Պաշտպանության բանակի հրամանատարի 2018թ. հունվարի 17-ի հրամանով ազատվել է զինվորական ծառայությունից և ուղարկվել պահեստազոր»:
Ստացվում է, որ այն ժամանակ, երբ Էդգարը ինքնակամ լքեց զորամասը, եկավ Երևան, դիմեց ՊՆ՝ պահանջելով, որ իրեն բռնի ուժով չստիպեն աշխատել հայոց բանակում, նա արդեն ազատված էր ծառայությունից: Մենք հակված ենք կարծելու, որ Էդգար Հակոբյանի հետ պայմանագիրը լուծվել է զորամասում կատարվող ապօրինությունների մասին մեր հրապարակումից հետո միայն հետին թվով, իսկ նպատակը զորամասի հրամանատարի դեմքը փրկելն է»:
Նշենք, որ «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Հայարփի Սարգսյանն այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Գլխավոր դատախազություն՝ նախկին զինծառայող Էդգար Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնությունների փաստերի հիման վրա։