Մի քանի տասնյակ մեղրեցիներ այսօր առավոտյան փակել էին Մեղրի – Երևան միջպետական ճանապարհը՝ բողոքելով Մեղրի գետի վրա կառուցվող ՀԷԿ-ի դեմ։ Համայնքի ղեկավարի հետ խոսելուց հետո մեղրեցիներին վաղը՝ հունվարի 24֊ին, խոստացել են հանդիպում կազմակերպել ՀԷԿ֊ը կառուցող ընկերության ներկայացուցիչների հետ։ Այս մասին Epress.am֊ին ասել է Մեղրու համայնքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
«ՀԷԿ֊ի կառուցումը ճիշտ է, «Մեղրի 2» ՀԷԿ֊ի կառուցման մասին է խոսքը։ Այն կառուցում է «Գրին փաուր» ՍՊԸ֊ն։ Այսօր վաղ առավոտից 10֊15 րոպե է տևել ճանապարհ փակելու գործընթացը, և Մխիթար Զաքարյանը [համայնքի ղեկավարը] խոսել է մարդկանց հետ, հանդարտության կոչ արել, ինչից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել վաղը ընկերության ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպել 2֊ից 3֊ն ընկած ժամանակահատվածում»,֊ ասել է Ծատրյանը։
Նրա խոսքով՝ նախքան ՀԷԿ֊ի կառուցումը Մեղրիում և Ագարակում իրականացվել է իրազեկում, 2017֊ի հունիսին և հուլիսին տեղի են ունեցել նաև հանրային երկու լսումներ․ «Բայց պետք է նշեմ, որ նկատվել է հանրության պասիվությունը հանրային լսումներին ներկա գտնվելու մասով»։
Խոշորացված համայնքի ներկայացուցիչների ընդհանուր թիվը կազմում է 11300 մարդ, մինչդեռ հանրային քննարկումներին, Ծատրյանի խոսքով, մասնակցել են մոտ երկու տասնյակ քաղաքացիներ։
«Արձանագրություններ կան, 10֊20 հոգի է մասնակցել, սովորաբար այդքան է լինում։ Մենք meghri.am կայքի և ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հայտարարություն ենք տարածել, ինչպես նաև՝ Մեղրի և Ագարակ քաղաքների համայնքապետարանների առաջին հարկում փակցվել են հայտարարություններ։ Հանրային լսումներին ներկա են եղել Բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ և «Գրին փաուր» ՍՊԸ֊ի երկու ներկայացուցիչներ՝ Հովսեփյանը և Գևորգյանը»,֊ ասել է Ծատրյանը։
Լրագրող Վարդ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է կառուցվող ՀԷԿ֊ից լուսանկարներ գրառելով․ «Հերթը հասել ա արդեն քաղաքներին: Մեղրի քաղաքի «խաչմերուկ» կոչվող ճանապարհի կողքով անցնող Մեղրի գետի վրա որոշել են ԳԵՍ բացեն: Այսօր մեղրեցիները բողոքի ցույց են արել, փակելով ՄԵՂՐԻ-ԱԳԱՐԱԿ ՃԱՆԱՊԱՐՀԸ: Պատկան մարմինները ի՞նչ են մտածում, հիմա էլ քաղաքը ավերեն, գյուղերը հերիք չէի՞ն։ Հանքեր, Գեսեր, բա հետո ի՞նչ եք բացելու, ավերեցին բնությունը, էլ չեմ խոսում մարդկանց առողջության մասին»:
Նշենք, որ 2017 թվականի մայիսի 17֊ին Կառավարության նիստի ժամանակ որոշվել էր ներդրումային ծրագրերի շրջանակում «Գրին փաուր» ՍՊԸ֊ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը հետաձգել երեք տարով։ Կառավարության որոշման մեջ նվշում էր, որ ընկերության նպատակն է Սյունիքի մարզի Մեղրի համայնքում կառուցել 3.5 ՄգՎտ փոքր հիդրոէներգոկասկադ․ ընկերությունը նախատեսում է կատարել շուրջ 1 մլրդ դրամի ներդրում։
«Գրին փաուրը» խոստացել է ստեղծել մոտ 13 աշխատատեղ՝ 82 հազար դրամ միջին աշխատավարձով։
Լուսանկարը՝ Վարդ Մարտիրոսյանի էջից