«Արմավիր» ՔԿՀ֊ի դատապարտյալ Է․Տ․֊ն արդեն երկու ամիս է գտնվում է կարանտինային խցում, չնայած դա արգելված է ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթներով։ Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։
Կազմակերպությունը նշում է, որ Է․Տ․֊ն «Նուբարաշեն» ՔԿՀ-ից «Արմավիր» է տեղափոխվել 2017 թ. դեկտեմբերի 1-ին և այդ օրվանից էլ մնում է կարանտինային խցում, չնայած նրան, որ ՀՀ Քրեակատարողական օրենսգրքի դրույթների համաձայն՝ դատապարտյալը կարանտինային խցում կարող է պահվել 7 օրից ոչ ավել:
Դատապարտյալին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելու և անհրաժեշտ դեղորայք տրամադրելու հարցով նրա ներկայացուցիչ, ՀՔԱՎ֊ի փաստաբան Արայիկ Զալյանը 2017 թ. դեկտեմբերի 25-ին դիմել է Քրեակատարողական վարչություն:
Քրեակատարողական վարչության պետի տեղակալ Ա. Համբարձումյանը, սակայն, պատասխան գրությամբ նշել է, որ Է. Տ.-ին զննել է հոգեբույժը և եզրակացրել, որ նա «բուժման կարիք չունի»: Ինչ վերաբերում է դատապարտյալին կարանտինային խցից ընդհանուր խուց տեղափոխելուն, ապա ՔՎ պետի տեղակալը շրջանցել է այդ հարցը՝ որևէ կերպ չանդրադառնալով դրան:
Կազմակերպության տեղեկություններով՝ Է. Տ.-ը դեռևս կարանտինային խցում է: