«Ելք» դաշինքի Շիրակի մարզային կառույցի անդամներից մեկի տուն նախօրեին այցելել է ՀՀ Ոստիկանության ներակայացուցիչ՝ հորդորելով չմասնակցել այսօր կայանալիք ««Ելք» դաշինքն ընդդեմ թանկացումների» երթին։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասել է Երևանի ավագանու «Ելք» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը։
Նա չի ցանկացել անուններ նշել՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Առայժմ միայն Շիրակի մարզից նման տեղեկություններ ունենք։ Նկարահանում չի իրականացվել։ Գյումրու մեր կառույցի անդամին հորդորել են չմասնակցել այսօրվա սպասվող երթին և, ստանալով մերժում, ոստիկանները մեկ անգամ ևս ճշտող հարց են տվել՝ հենց այդպես փոխանցե՞նք միլպետին»,֊ ասել է Վարդանյանը։
Նրա խոսքով՝ քաղաքական մյուս ուժերին «Ելքը» երթին մասնակցելու հրավեր չի ուղարկել․ «Այս թանկացումները վերաբերում են ժողովրդին, մենք սա անում ենք ժողովրդի համար, և ոչ մի կուսակցության կամ քաղաքական ուժի չենք հրավիրել։ Չնայած նախորդ հավաքից կարող ենք ասել, որ տարբեր ուժերից առանձին անհատներ մասնակցել են թանկացումների դեմ ուղղված երթին»։