հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / 19֊ամյա ծննդկանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել

19֊ամյա ծննդկանի մահվան առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ գլխավոր դատախազությունը «Էրեբունի» բժշկական կենտրոնում հունվարի 28֊ին մահացած ծննդկան Լիլիթ Խոսրովյանի դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

Քրեական գործը հարուցվել է «Հայկական ժամանակի» հրապարակման և բուժհաստատությունից մահվան դեպքի վերաբերյալ ստացված ահազանգի հիման վրա: Ծննդկանի հարազատներից գրավոր բողոք դեռևս չի ստացվել: Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության:

Թերթի հետ զրույցում ծննդկանի մայրը նշել է, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը «միտումնավոր է եղել», որպեսզի «նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ՝ տանը»:

Ծննդկանը հղիության ինն ամիսների ընթացքում գտնվել է բժիշկ Դ․ Ա.-ի հսկողության տակ։ Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ զգուշացվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, և պետք է կեսարյան հատում անել: Սակայն ծննդաբերությունից առաջ Լիլիթին տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, և կեսարյան հատման անհրաժեշտություն այլևս չկա: Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: Հարազատները նշում են, որ, չնայած վատ ինքնազգացողությանը, ծննդկանին ծննդաբերությունից երեք օր հետո դուրս են գրել «Էրեբունի» ԲԿ֊ից։

Տանն արդեն Լիլիթ Խոսրովյանի ինքնազգացողությունն ավելի է վատացել և ընտանիքը որոշել է նրան կրկին տեղափոխել հիվանդանոց, որտեղ ծննդկանին սկզբում տարել են վերակենդանացման բաժանմունք, այնուհետև՝ վիրահատարան, որտեղ և Խոսրովյանը մահացել է։

Ծնողների խոսքով՝ Լիլիթ Խոսրովյանի մահվան թղթում նշված չէ մահվան պատճառը և իրենք մինչ օրս հստակ չգիտեն այն։