Արդարադատության նախարարությունը «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ է հանդես եկել։ Իրավապաշտպանները, «Մեդիա կենտրոն»-ում կազմակերպված քննարկման ժամանակ, մտահոգություն են հայտնել, որ այսուհետ ավելի կամրապնդվի Հայ առաքելական եկեղեցու դիրքը, և կարող են սահմանափակվել կրոնական միավորումների խոսքի ազատությունը։ Նշենք, որ նախագծի լրամշակված տարբերակը հանրությանը հասանելի չէ։
Բացի Հայ առաքելական եկեղեցուց՝ կրոնական մյուս կազմակերպությունները չեն կարող արտասահմանից ֆինանսական օգնություն ստանալ, միության բոլոր անդամները հաշվառվելու են անուն առ անուն, դրանց գործունեությունն ամեն րոպե կարող է կասեցվել պետական անվտանգության հիմնավորմամբ։
Եթե օրենքի նախագիծն այս ձևով ընդունվի, ապա, ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի, այն լրջորեն կվտանգի խղճի, դավանանքի, համոզմունքների ազատությունը Հայաստանում։
«Փաստորեն սա սահմանափակող օրինագիծ է բոլոր կրոնական կազմակերպությունների նկատմամբ, և այդ պարագայում Հայ առաքեալական եկեղեցին բացարձակապես անվերահսկելի գործունեության դաշտ է ունենում։ Համոզմունքների դաշտում սա Հայ առաքեալական եկեղեցու մոնոպոլիզացիան ապահովող օրինագիծ է», – նշել է Սաքունցը։
Արդարադատության նախարարության պաշտոնական հիմնավորման մեջ նշվում է, որ «Օրենքը պարունակում է մի շարք թերություններ, հակասություններ և չի համապատասխանում ներկա իրավիճակին, երբ ՀՀ-ում իրականացվել են Սահմանադրական բարեփոխումներ, ՀՀ-ն միացել է միջազգային համաձայնագրերին և ստանձնել որոշակի պարտավորություններ»:
Նախագծի շուրջ քննարկումները սկսվել էին դեռևս 2017 թվականի հունիս ամսվանից, երբ Արդարադատության նախարարությունը ներկայացրել էր այն իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական E-draft.am կայքում։
«Ընդամենը մեկ ամիս է տրվել հանրային քննարկման համար։ Սակայն այդպես էլ, ըստ էության, քննարկում չի եղել, որտեղ բոլոր շահագրգիռ կողմերը կարող էին կարծիքներ հայտնել», – ասել է քննարկման մասնակից, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի մարդու իրավունքների փորձագետ Անուշ Մարգարյանը։
Հիմնադրամը սեփական նախաձեռնությամբ դեռ անցյալ տարվանից սկսել էր հանրային քննարկումներ, որոնց ներկա է եղել նաև Արդարադատության նախարարության ներկայացուցիչը, կրոնական և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Դրա արդյունքում ԵԱՀԿ- ԺՄՀԻԳ-ը ներկայացրել է նաև իր կարծիքը։ Դրանից հետո նախարարությունը լրամշակման է ենթարկել նախագիծը, սակայն այդ տարբերակը այդպես էլ չի հրապարակվել E-draft.am կայքում։
«Գուցե, դիմել նախարարությանը և այն կտրամադրի լրամշակված տարբերակը։ Ամեն դեպքում չի եղել հանրայնացված»։ Մարգարյանը ծանոթացել է լրամշակված տարբերակին և նրա խոսքով՝ այն էլ ավելի խնդրահարույց է։
Ճիշտ է, նոր տարբերակում, Մարգարյանի հավաստմամբ, կան մի շարք բարելավվումներ։ Մասնավորապես, հանվում է այն կետը, ըստ որի, ուժային կառույցներում չեն կարող աշխատել այլ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սակայն կան շատ մտահոգիչ կետեր։
Լրամշակված նախագծի համաձայն՝ կրոնական կազմակերպության գործունեությունը կարող է արգելվել, եթե այն ուղղված է «Պաշտպանությունը թուլացնելուն, կրոնական մոլեռանդություն քարոզելուն, հակաբարոյական արարք կատարելուն»։
«Ի՞նչ է նշանակում պաշտպանությունը թուլացնել։ Ինչպե՞ս է որոշվում հակաբարոյական արարքը։ Դա իրավական կատեգորիա չէ», – նշել է Մարգարյանը։
Գործող օրենքը, որն ընդունվել էր 1991 թվականին, նույնպես ունի մի շարք բացեր, կարծում է քննարկման մասնակից Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը․ գործող օրենքով՝ Հայ առաքելական եկեղեցին բարեգործություն անելու մենաշնորհ ունի․ «Փաստորեն, Ծառուկյանը և մնացածները բարեգործություն անելով օրենքից դուրս են եղել․․․ ծիծաղելի բաներ կային այդ օրենքում, որ, ըստ էության, չէին գործում»։
Իշխանյանը մտահոգություն է հայտնել, որ այսպիսով Հայաստանը, կարծես, գնում է դեպի միջնադարյան հավատաքննություն։
Հանրապետական կուսակցության փոխնախագահ, պատգամավոր Արմեն Աշոտյանը օրենքի փոփոխությունների հետ կապված կարծիք էր հայտնել, որ «օրենքով պետք է ամրագրել և կտրականապես արգելել տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»:
Իշխանյանը նշել է, սակայն, որ Աշոտյանի հայտարարությունը մարդկանց վախեցնելու քարոզչական բնույթ ունի, իսկ Հայաստանում գրանցված կրոնական կազմակերպությունները չունեն տոտալիտար բնույթ։
Բանախոսը հիշեցրել է այն ՀՀԿ-ական պաշտոնյաների մասին, որոնք խորհրդային ժամանակաշրջանում եղել են աթեիստ չինովնիկներ, իսկ հիմա մոլեռանդ քրիստոնյաներ են դարձել։
Համաձայն նոր օրենքի նախագծի, եթե կրոնական կազմակերպությունը գրանցվում է և նշում, որ ինքը քրիստոնեական կառույց է, գրանցողը պետք է որոշի՝ դա իրոք քրիստոնեական կազմակերպություն է, թե ոչ։
«Այսինքն՝ պետությանը տրվում է հավատաքննիչի դեր», – ասել է Իշխանյանը։