«Բարձրագույն կրթության մասին» նոր օրինագիծն ընդունելիս` Կրթության և գիտության նախարարությունը հաշվի չի առել հաշմանդամություն ունեցող անձանց կարծիքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիմանն ասել է «Դիսըբիլիթի ինֆո» ՀԿ նախագահ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը։
Մինչ նախագծի Ազգային ժողովում հայտնվելը, «Դիսըբիլիթի ինֆո»֊ն իրավական ակտերի նախագծերի հրապարակման E-draft․am կայքում 15 կետերից բաղկացած առաջարկություն են ներկայացրել․ այդ կետերի մեծ մասը, սակայն, չի ընդունվել։
«Ընդունվել են միայն այն կետերը, որոնք զուտ խմբագրական նշանակություն ունեն։ Օրինակ, «հաշմանդամություն ունեցող անձ» տերմինն է օգտագործել և այլն։ Անընդունելի է այն, որ գործընթացն իրականացվում է առանց հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցության։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ֊ի կոնվենցիայով մենք (Հայաստանի Հանրապետությունը) պարտավորություն ենք ստանձնել ներառական իրականացնելու նաև այս գործընթացը»,֊ ասել է Բաթոյանը։
Նրա խոսքով՝ առաջարկությունների փաթեթը ներկայացնելիս՝ իրենք փորձել են հանդիպում կազմակերպել ԿԳՆ նախարար Լևոն Մկրտչյանի հետ, սակայն, այն մերժվել է և կայացել միայն նախագծի Ազգային ժողովում հայտնվելուց հետո։
«Մենք որևէ մեկից, այսպես ասած, լավություն, բարի կամք չենք պահանջում, մենք պահանջում ենք հաշմանդամություն ունեցող անձի կրթության իրավունքի ապահովում, որը ոչ միայն բարձրագույն կրթության իրավունքի ապահովում է պարզապես, այլ նաև արժանապատիվ կյանքով ապրելու»,֊ ասել է Բաթոյանը։
Հանդիպմանը ներկա Մանկավարժական համալսարանի ասպիրանտ Սիփան Ասատրյանը, որը կույր էր, իր 9 տարի ձգվող ուսումնական պրոցեսը մեկնաբանեց որպես «դաժան», իսկ պետական կառավարումը՝ «քաղաքական կամքի բացակայություն»։
«Եթե մեջբերում են ֆինանսական խնդիրները, երկրի վիճակը, ես գիտեմ, որ, կարիքից ելնելով, մեր պետությունը շատ գնումներ է կատարում։ Այն, ինչ դարերով կամ Սովետական Միությունից ժառանգվել է մեզ… մենք այսօր պարզապես չենք կարողանում կամք դրսևորել և ինչ֊որ փոփոխություններ ներմուծել։ Ընդունել ենք հաշմանդամության ճանաչման բժշկական մոդելը, որով հաշմանդամություն ունեցող անձը պարզապես հիվանդ անձ է համարվում և բուժումից բացի, այլ պահանջմունքներ չունի»,֊ ասել է Ասատրյանը։