հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Ոստիկանությունը քննում է՝ ուր էին կամրջի հերթապահները կնոջ և նրա դստեր մահվան ժամանակ. «ՀԺ»

Ոստիկանությունը քննում է՝ ուր էին կամրջի հերթապահները կնոջ և նրա դստեր մահվան ժամանակ. «ՀԺ»

Դավթաշենի կամրջից նետվել է 37-ամյա Գայանե Հ֊ն՝ 9-ամյա դստեր՝ Անահիտի հետ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։ Գայանեն ու Անահիտը Երևանի բնակիչներ էին, կինն ամուսնալուծված էր և ապրում էր ծնողների հետ։ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ Երևանի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) և 110 հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը)։

«Հարևանները, որոնք անակնկալի էին եկել կատարվածից, նշում էին, որ շատ համեստ ու կարգին ընտանիք է, բայց ապրում են մեկուսացած՝ շենքի բնակիչների հետ գրեթե չշփվելով»։ Մայրն ու դուստրը վերջին երեք օրերին համարվել են անհետ կորած։ Նրանց անհետանալու մասին ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգել են հարազատները։

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունը հայտնել է թերթին, որ կինն աշխատում էր այս գերատեսչությունում․ «Սեյսմիկ պաշտպանության Արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ֊ի աշխատակից էր, գործի էր ընդունվել 2017 թվականի դեկտեմբերի 1-ին։ Այստեղ ասացին նաև, որ եռօրյա բացակայությունից առաջ Գայանե Հ֊ն․ աշխատավայրում ոչինչ չի ակնարկել, աշխատանքի չներկայանալու մտադրության մասին չի զգուշացրել։

«Ավելի ուշ տեղեկացանք, որ Գայանե Հ-ն․, ինչպես նաև նրա մայրը ԱԻՆ֊ում են աշխատել բավական վաղուց։ Աշնանը երկուսի հաստիքներն էլ, ի թիվս բազմաթիվ այլ հաստիքների, համարվել են կրճատման ենթակա։ Բայց Գայանեն դիմել է նախարարին, ներկայացրել իրենց ընտանեկան կարգավիճակը, խնդրել միանգամից երկուսին գործազուրկ չդարձնել։ Նախարարն ընդառաջել է և Գայանեին այլ աշխատանք առաջարկել», – հայտնում է «ՀԺ»-ն՝ հավելելով, որ Անահիտն սովորում էր երևանյան այն դպրոցում, որտեղ աշխատող ուսուցիչներից մեկն օրեր առաջ ինքնասպանություն էր գործել։

Օրաթերթի թղթակիցը հետաքրքրվել է Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից, թե դեպքի պահին որտեղ են եղել Դավթաշենի կամրջի վրա ծառայություն իրականացնող կառույցի ներկայացուցիչները։

«Ընթանում է քննություն, որի շրջանակներում կպարզվեն բոլոր հանգամանքները», – պատասխանել են նրան։

«ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 29-ի N 1008-Ն որոշման համաձայն, Դավթաշենի, ինչպես նաև Հաղթանակի և Կիևյան կամուրջներն ընդգրկված են ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա շինությունների ցանկում», – հիշեցնում է «Հայկական ժամանակը»։

Դավթաշենի կամրջով հաճախ երթևեկող մարդիկ գրեթե միշտ տեսնում են այստեղ հերթապահող ոստիկանների։

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում