Փետրվարի 26-ին Հանրային հեռուստատեսության «Դեպի Եվրատեսիլ» հաղորդման ժամանակ հաղորդավարուհի, «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, ներկայացնելով «Մանկական Եվրատեսիլ»-ի հայտերի ներկայացման կանոնները, նշել է․
«Կարող են մասնակցել 9-14 տարեկան ազգությամբ հայ բոլոր երեխաները՝ անկախ բնակության վայրից․․․ Մենք սպասում ենք տաղանդավոր հայ փոքրիների»։
Epress.am-ի ծանոթներից մեկը փորձել է Հանրայինից ճշտել՝ արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունեցող այլազգի ներկայացուցիչները չեն կարող դիմել։
«Իրականում օրենքով՝ ոչ։ Առհասարակ, եթե Հայաստանից է մասնակիցը, պետք է անպայման հայ լինի», – ասել է մրցույթի «Եվրատեսիլի» հայաստանյան կազմակերպիչներից Անուշը։
Երբ զանգահարողը նշել է, որ կա երեխա, որն ունի Հայաստանի քաղաքացիություն, սակայն ազգությամբ հայ չէ․ արդյոք դա նշանակում է, որ չի կարող դիմել։ Խնդրել են սպասել՝ կճշտեն, կասեն։
Քիչ անց Անուշը զանգել է և ասել է․ «Կարող է մասնակցել»։
Հարցին, թե փաստորեն Հանրայինի եթերում Գոհար Գասպարյաը սխալ է թույլ տվել, պատասխանել են․
«Չէ, սխալ չի ասել, ուղղակի այդպես է ասել, որ մարդիկ սխալ չհասկանան, թե այլ ազգի ներկայացուցիչներ կարող են մասնակցել»։
Զանգահարող․ «Բայց մեր ծանոթը այլ ազգի է»։
Անուշ․ «Հա բայց ՀՀ քաղաքացի է, չէ՞»։
Զանգահարող․ «Փաստորեն եթերում ազգն ու քաղաքացիությունը նույնացվո՞ւմ են»։
Անուշ․ «Հիմա ի՞նչն էր ձեր հարցը, ասում եք՝ կարող եք, թե՝ ոչ, ասում եմ՝ կարող եք մասնակցել»։
Նշենք, որ Եվրատեսիլի պաշտոնական էջում գրված է․ «Մրցույթին իրավասու են մասնակցել այն երեխաները, որոնք կա՛մ ազգությամբ մասնակից երկրից են, կա՛մ այդ երկրի քաղաքացի են»։