Եթե իշխանությունների կողմից որևէ հարց չի բացահայտվում Մարտի 1֊ի հետ կապված, ուրեմն դա շոուի մաս է։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է «Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության անդամ Առաքել Սեմիրջյանը։
«Եթե նույնիսկ շոու է կատարվում, ես պատրաստ եմ շոուի մաս դառնալ այն բանի համար, որ մարդիկ չմոռանան Մարտի 1֊ը։ Մեր խնդիրն այն է, որ երբեք մոռացության չմատնվի այդ հարցը, ամեն վայրկյան տաք պահվի։ Պետք է փորձել շոուն վերադարձնել իրական հարթություն, այն լրջացնել»,֊ ասել է Սեմիրջյանը։
Քննարկմանը ներկա բանախոսներից իրավապաշտպան Արթուր Սաքունցի բնորոշմամբ՝ իրավական տեսանկյունից «Մարտի 1֊ի ահաբեկչության գործը լիովին բացահայտված է»։
«Դրա վերաբերյալ կան բազմաթիվ վկայություններ, տեսանյութեր, դատական գործերի ընթացքում արձանագրված ցուցմունքներ նույն գործի շրջանակներում, որը հարուցել էին խաղաղ ցուցարաների և քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ։ Դրանք արդեն բավական են, որ այլ քրեական գործ հարուցվի, որը պետք է ի սկզբանե հարուցվեր»,֊ ասել է Սաքունցը։
Նա ընդգծել է, որ քանի դեռ «պետական ահաբեկչության» փաստով Հայաստանում Մարտի 1-ի դեպքերին իրավական գնահատական տրված չէ, վտանգված է ՀՀ որպես պետության գոյությունը։
Սաքունցի գնահատմամբ՝ ցավալի է հատկապես այն փաստը, որ այսօր պետական ահաբեկչության զոհերի մի մասն իշխանության կողքին է։
«10 տարվա ընթացքում մենք տեսանք, որ այդ պետական ահաբեկչության զոհերի մի մասը հիմա, ցավոք սրտի, գտնվում է պետական ահաբեկչությունն իրականացնողների կողքին։ Իշխանությունը հույսը դրա վրա է դրել, որ տուժողների մի մասը երևի թե Ստոկհոլմյան սինդրոմի ուժով կամ դրա հետևանքով դահիճին կգովեն, կսիրաբանեն կամ կընկալեն որպես փրկարար»,֊ ասել է Սաքունցը։
Կից նյութ՝ Իշխանությունների հետ բարիշած նախկին ընդդիմադիրը հաղթել է Հայաստանին