հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Նախարարության կողմից պարտադիր դեղատոմսով դեղ գնելու որոշումն ապօրինի է․ «Ժողովուրդ»

Նախարարության կողմից պարտադիր դեղատոմսով դեղ գնելու որոշումն ապօրինի է․ «Ժողովուրդ»

Մարտի 1-ից մի շարք դեղեր միայն դեղատոմսի առկայության դեպքում ձեռք բերելու Առողջապահության նախարարության պահանջը պարզվում է ապօրինի է, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

ՀՀ առողջապահության նախարարության կայքում հրապարակվել են դեղատոմսով և առանց դեղատոմսի բաց թողնված դեղերի ցանկերը, սակայն նշված չէ իրավական ակտը, որով նախատեսված են այդ ցանկերը, քանի որ նման իրավական ակտ պարզապես չկա:

Օրաթերթի փոխանցմամբ՝ Կառավարությունը դեռ նոր պետք է որոշումն ընդունի: Առողջապահության նախարարությունն էլ առանց իրավական ակտի դեղատներին և բժիշկներին պարտադրում է դեղատոմսով դեղ բաց թողնել:

«Սա ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված իրավիճակ է՝ գոնե երկու դրվագներով. ինքնիրավչություն, պաշտոնեական դիրքի չարաշահում»,֊ գրում է օրաթերթը:

Ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Զոյա Բարսեղյանը օրաթերթին տեղեկացրել է, թե հարցի պատասխանատուն Առողջապահության նախարարությունն է:

«Այսինքն՝ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ձեռքերը լվանում է նախարարության իրականացրած այս դեպքում ապօրինի գործողություններից», ֊ եզրափակում է «Ժողովուրդը»։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Կառավարության մարտի 6-ի նիստի ընթացքում ՀՀ կառավարությունը քննարկելու է դեղատոմսով դեղեր բաց թողնելու որոշումը ժամանակավորապես կասեցնելու հարցը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում