«Պոլիմետալ Արմենիա» ընկերությունը մտադիր է Տավուշի մարզի Նոյեմբերյան և Կողբ համայնքների տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել։ Այս ընկերությունը, որ ռուսական «Պոլիմետալ» խմբի մաս է, ոսկի, արծաթ, պղինձ, մոլիբդեն և կապար է որոնելու Տավուշի և Լոռու մարզերում, մասնավորապես՝ Նոյեմբերյան, Կողբ, Ալավերդի և Շնող բնակավայրերի մոտ։ Երկրաբանահետախուզական աշխատանքներն ընդգրկելու են 18 000 հա անտառածածկ տարածք։ Այս լուրն արդեն իսկ բուռն հակազդեցություն է առաջացրել Հայաստանի բնապահպանների, քաղաքացիների և ազդակիր համայնքների բնակիչների շրջանում, գրում է Civilnet.am֊ը։ Կայքը պարզել է, թե ովքեր են կանգնած այս ընկերության հետևում։
«Պոլիմետալը» ռուսական ընկերություն է, որ գրանցված է Լա Մանշի նեղուցում գտնվող բրիտանական Ջերսի կղզում, որը օֆշորային գոտի է։ Ընկերությունը 1998-ին հիմնել է գործարար Ալեքսանդր Նեսիսը։ Այն համարվում է աշխարհում ամենախոշոր արծաթ արդյունահանողներից մեկը, իսկ Ռուսաստանում ոսկի արդյունահանող խոշոր ընկերությունների եռյակում է։ 2016-ին «Պոլիմետալի» մաքուր շահույթը կազմել է 395 միլիոն դոլար, իսկ շրջանառությունը գերազանցել է 1 միլիարդ դոլարը։ Ալեքսանդր Նեսիսի կարողությունը, ըստ Forbes-ի, գնահատվում է շուրջ 2 միլիարդ դոլար։
Բնապահպան Լևոն Գալստյանի գրառումը Facebook֊ում
Նեսիսի եղբայրը՝ Վիտալի Նեսիսը, «Պոլիմետալի» գլխավոր տնօրենն է։ 2016-ին Վիտալի Նեսիսը Հայաստանում հանդիպել էր այն ժամանակվա վարչապետ Հովիկ Աբրահամյանին։ Վերջինս ողջունել էր Հայաստանում ընկերության գործունեությունը, ընկերության ղեկավարներն էլ հայտարարել էին ներդրումային ծրագրերի շարունակականության մասին։
2017-ին Վիտալի Նեսիսը դարձյալ Հայաստանում էր։ Նա հարցազրույց էր տվել և խոսել Հայաստանում իրենց աշխարհագրական ընդլայնման մասին։ «Հայաստանը երկրաբանական տեսանկյունից հեռանկարային է»,- ասել էր Վիտալի Նեսիսը։
«Պոլիմետալի» բաժնետոմսերի 27,13 տոկոսը պատկանում է Ալեքսանդր Նեսիսին, 10 տոկոսը՝ ռուս մեկ այլ միլիարդատիրոջ՝ Ալեքսանդր Մամուտին։ «Պոլիմետալի» բաժնետոմսերի 13 տոկոսը պատկանում է չեխական PPF Group ներդրումային բանկին։ Այս բանկը Հայաստանում գործունեության ձախողված փորձ ունի։ Երբեմնի օլիգարխ Միխայիլ Բաղդասարովի «Միկա Lիմիթեդ» ընկերությունը 2011-ի հուլիսին PPF բանկից 23,5 միլիոն դոլար վարկ էր վերցրել և հետագայում չէր կատարել վարկային պարտավորությունները։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը 2016-ի հունիսին Հայաստան կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանին ակնարկել էր վարկի մարման անհրաժեշտության մասին։
«Պոլիմետալի» գլխավոր տնօրեն Վիկտոր Նեսիսի տեղակալը Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչի կինն է՝ մեծահարուստ Զումրուդ Ռուստամովան։ Ռուստամովան այդ պաշտոնում է 2006-ից։
Ի դեպ, այս տարվա հունվարին Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումին Դվորկովիչի հետ հանդիպել էր վարչապետ Կարեն Կարապետյանը։
Հայաստանում «Պոլիմետալի» առաջին խոշոր գործարքը տեղի է ունեցել 2015-ին։ Այդ ժամանակ ռուսական ընկերությունը ձեռք բերեց Սյունիքի մարզի Լիճքավազ-Թեյի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման թույլտվություն ունեցող ընկերության բաժնետոմսերը։ 2016-ի ապրիլին «Պոլիմետալը» գնեց Կապանի լեռնահարստացման կոմբինատը։ Ըստ TASS գործակալության՝ «Պոլիմետալի» կոմբինատը ձեռք էր բերել 25 միլիոն դոլարով։
«Պոլիմետալը», մինչև Նոյեմբերյանի տարածաշրջանին անցնելը, դեռ այս տարվա հունվարին հայտարարել էր Սյունիքի մարզի 20 բնակավայրերում թանկարժեք մետաղների որոնողական աշխատանքների մասին՝ ընդհանուր առմամբ 295 քառակուսի կիլոմետր տարածքում։ Չնայած անտառածածկ տարածքների առկայությանը՝ ռուսական ընկերության որոնման հայտը դրական եզրակացություն է ստացել Հայաստանի բնապահպանության նախարարության կողմից։
Նոյեմբերյանի և Կողբի այն տարածքը, որտեղ «Պոլիմետալը» ցանկանում է երկրաբանահետախուզական աշխատանքներ կատարել, հեռանկարային է համարվում էկոտուրիզմի տեսանկյունից։ Այդ մասին հայտարարել է Նոյեմբերյանի համայնքապետ Կարեն Աբազյանը՝ կարևորելով ոչ թե հանքարդյունաբերության, այլ զբոսաշրջության զարգացումը։ Մարտի 20-ին «Պոլիմետալ Արմենիան» մտադիր է հանրային լսումներ կազմակերպել Նոյեմբերյանում։