«Հույս չունիմ, ո’չ ղեկավարությունից, ո՛չ մի մարդուց»։ Նման խոսքով իր հայրական տանը մեզ դիմավորեց Առափի գյուղի բնակիչ 73֊ամյա Գառնիկ պապը։
Առափիում ծնված և մեծացած տղամարդը հուսահատված է․ 1988֊ի երկրաշարժից հետո գյուղում սողանք է սկսվել։ Նրա տունն էլ սողանքի ակտիվ գոտում է։ Մասնագիտությամբ շինարար Գառնիկի տան պատերում սողանքի պատճառով գոյացած ճաքերն օր օրի մեծանում են, հիմքը ջրով լցվելու պատճառով տունը խոնավացել է։
Գործող կառավարությունից Առափիի բնակիչը հույս չունի, գյուղապետարանին էլ չի մեղադրում․ «Եթե էդ մարդկանց վերևից փող չեն տալիս, իրանք ընձի ի՞նչխ օգնեն»։
Պնդում է, թե ինքնուրույն, իր ուժերով կարող է տան պատերը վերանորոգել, ուժը տեղն է, ֆինանսական հնարավորություն չունի։
Գառնիկ պապի և նրա 68֊ամյա կնոջ ապրուստի միակ միջոցը թոշակն է, նա ստանում է 36 հազար դրամ, կինը՝ 25։
«Էդ գումարով ես կարո՞ղ եմ վերանորոգել»,֊ ասում է Գառնիկ պապը։
Նրա խոսքով՝ գյուղում բոլորի տներն այդ վիճակում են․ «Հարևան ունիմ, իմ տնից բեթար վիճակում է»։
Նրա հետ քայլում ենք գյուղի ցեխոտ փողոցներով։ Կիսախարխուլ, պատերը ճաքճքված, լքված տներն է ցույց տալիս։ «Ստեղ միայնակ կին կապրի», «էս տան տերն էլ գնացել է Մոսկվա տղու մոտ։ Ձմեռը հնարավոր չէ ապրել, ամառը գուկա կմնա»՝ մեկ այլ տան ուղղությամբ ցույց տալով շարժվում է առաջ։
Epress.am֊ի հետ զրույցում փոխգյուղապետ Ավետիք Պոլեյանն ասում է․ «Առափիի [տարեկան] բյուջեն համընդհանուր դոտացիայի հետ միասին մոտավորապես 40 միլիոն դրամ է։ Ճանապարհների մասնակի վերանորոգման, գիշերային լուսավորության ապահովման համար ենք ծախսում»։
Ոչ գյուղի բնակիչների, ոչ էլ գյուղապետարանի համար Առափիի սողանքը նորություն չէ։
«Խնդիրը եղել է դեռևս 70֊ականներից։ Մինչև այժմ էլ այդ խնդիրը մնում է չլուծված», ֊ ասում է փոխգյուղապետը։
Առափիում սողանքային գոտին մեծ տարածք է գրավում՝ մոտավորապես 150 ընտանիքի համար դառնալով իրական աղետ։
«Ես արդեն 28 տարի է ստեղ հարս եմ։ Ոնց որ ես մեծացա էս տան մեջ ավարյոննի, ըդպես էլ իմ թոռնիկներն են մեծանում»,֊ մեզ ասում է Առափիի բնակիչ Անժելա Ալոյանը։
7 անձից բաղկացած նրա ընտանիքում միակ աշխատողը հենց նա է։ Միջինը ամսական 70 հազար դրամ է ստանում՝ սպասք լվանալու համար։
«Վարպետին միայն տան մի փոքր հատվածը վերանորոգելու համար 80 հազար դրամ փող եմ տվել, բայց սողանքն ակտիվացել է, նորից ճաքեր է տվել»,֊ ասում է Ալոյանը։
Վթարային տարբեր աստիճաններ ունեցող տներում ապրող առափեցիները մեզ իրենց տուն են հրավիրում՝ տարբեր լայնության ճաքերն արձանագրելու համար։ 2, 3, 4 և ավել սմ լայնության ճաքերը հատուկ ժապավեններով են առանձնացված։
«Դրսից քանդուքարապները, ներսից էլ ճեղքրդածներն արեք ցույց տամ։ Խոնավությունը․․․ սունկ կաճի արդեն, չիդենք ուտելու է, թե՞ թափելու։ Սաղ շորերը բորբոսնած, էրեխեքի վերմակ, դոշակը խոնավությունից՝ թաց։ Գյուղապետարանից Ավոյին (փոխգյուղապետ) կանչել եմ, եկել տեսել, ասել է հենց ճաքն ավելի մեծանա, նորից կկանչես»,֊ պատմում է Զոյա Ռաշոյանը։
Տիկին Զոյայի նման տասյնակ առափեցիներ խնդրի առաջ են կանգնել։ Մարդիկ հեռացել են իրենց տներից, ապրում են կա՛մ հարևանների, կա՛մ բարեկամների տանը։
Մի ընտանիք, ում տունը 4֊րդ աստիճանի վթարային է եղել, նախորդ տարվա նոյեմբերից տեղափոխվել է Գյումրի։
Տան երկու ամսվա վարձավճարը՝ 120 հազար դրամ փոխհատուցել է գյուղապետարանը, մնացածը Շիրակի մարզպետարանը պետք է փոխհատուցի, մինչև հարցը կլուծվի։
Մոտ 4 տասնամյակ առաջ, երբ Առափիում գյուղացիները մեկը մյուսի հետևից տներ էին կառուցում, համապատասխան հետազոտություններ չեն արվել։ Նրանցից շատերը մեզ հետ զրույցում ասում էին՝ եթե իմանային, որ սողանքային գոտի է, այդքան ուժ ու հնարավորություններ մի տեղ արդյոք կկենտրոնացնեին՝ շատ լավ իմանալով, որ վաղ, թե ուշ հողին է հավասարվելու։
Վերջին երեք տարին Ճապոնիայի կառավարությունը հատուկ ծրագրի շրջանակում Առափիում սողանքի վերացմանն ուղղված աշխատանքներ է իրականացնում։ Պոմպեր են դրվել, խողողվակներ անցկացվել, գյուղում ջրահեռացում իրականացվել։ Սակայն, խնդիրը շարունակում է առկախված մնալ։ Գյուղացիները չեն հավատում, որ իրենց գյուղը ճապոնացիները կկարողանան փրկել։ Ասում են՝ վախենալով կապրինք։