հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Առողջապահություն / Հայաստանում չկան Դաունի համախտանիշով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ

Հայաստանում չկան Դաունի համախտանիշով երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ

Դաունի համախտանիշով ծնված երեխաների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ Հայաստանում չկան։ Այս մասին այսօր՝ «Մեդիա կենտրոնում» Դաունի համախտանիշ ունեցող անձանց համաշխարհային օրվան նվիրված քննարկման ժամանակ ասել է «Հույսի կամուրջ» ՀԿ նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

«Այդ երեխաների ընտանիքների և այդ անձանց հարցերով զբաղվող կազմակերպությունների չլինելը ստվերում է պահում նրանց կարևորագույն կարիքները։ Հայաստանում ընդհանրապես հաշմանդամության ոլորտում շահերի պաշտպանության, իրավունքների պաշտպանության նախաձեռնություններն ավելի ընդհանրական են։ Ավելի քիչ են նեղ հաշմանդամության տեսակ ունեցող անձնանց, այդ թվում՝ երեխաների խնդիրներով զբաղվող կազմակերպությունները», ֊ ասել է Թադևոսյանը։

Քննարկմանը ներկա Նոր Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանի կարծիքով՝ հատկապես կարևոր է բուժաշխատողների մոտեցումը․ «Հիմնականում ծնողները հիվանդանոցներում են թողնում, բուժաշխատողների աշխատանքի մոտեցման խնդիր կա, հոգեբանի բացակայությունը կարող է վատ անդրադառնալ ընտանիքի որոշման վրա։ Հիմնականում, երբ Դաունի համախտանիշով երեխային տանում են տուն, այդ երեխային այլևս մանկատուն չեն բերում»։

Բալասանյանն ընդգծում է, որ այսօր Հայաստանում մասնագիտացած կացության վայրերում խնամվում են 460 երեխա, որոնցից 56֊ը Դաունի համախտանիշ ունեցող երեխաներն են։ Խարբերդի մանկատանը ներկայումս այդ համախտանիշով 12 երեխա կա, իսկ Գյումրիի մանկատանը 130 երեխայից 28֊ն ունեն Դաունի համախտանիշ։