հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Երիտասարդին օգնելու ցանկությունը Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու պատճառ դարձավ. «ՀԺ»

Երիտասարդին օգնելու ցանկությունը Հայկ Բարսեղյանին բերման ենթարկելու պատճառ դարձավ. «ՀԺ»

Իրավապաշտպան Լևոն Բարսեղյանի որդուն՝ Հայկ Բարսեղյանին, մարտի 21-ին բերման են ենթարկել Երևանի Հյուսիսային պողոտայի տարածքից, երբ վերջինս փորձել է հասկանալ, թե ինչու են 5-6 ոստիկանները վիճաբանում մի երիտասարդ տղայի հետ։ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում Բարսեղյանը պատմել է դեպքի մանրամասները։

«Ես ու ընկերս սրճարանում նստած սրճում էինք, լուսամուտից տեսա, որ 5-6 ոստիկան մի երիտասարդ տղայի հետ վիճում էին։ Ու ինձ թվաց, որ տղային ճնշում են, ցանկացա հասկանալ՝ ինչ է կատարվում։ Սրճարանից դուրս եկա, գնացի, նստեցի աստիճաններին, որ ուղղակի լսեմ ու հասկանամ, թե ինչ են խոսում, եթե կարիք կա, միջամտեմ։ Ու այդ պահին ոստիկաններից մեկը կենտրոնացավ ինձ վրա՝ ասելով․ «Հել մի հատ, ինչի՞ ես այստեղ նստել»։ Ասացի՝ կներեք հազար անգամ, ներկայացեք։ Այդտեղից սկսվեց ամբողջ պատմությունը։ Հետո նկատեցին, որ ինձ մոտ դանակ կա, ասացին՝ սառը զենք ես կրում, ասեցի, որ չէ, դանակս է, որ միշտ մոտս է», -պատմել է Բարսեղյանը։

Վերջինս բերման ենթարկելու գործընթացը տեսանկարահանել է և հեռարձակել ուղիղ եթերով Ֆեյսբուք ցանցի միջոցով։ Թերթի հետ զրույցում նա պատմել է, որ իրեն խնդրել են, որ տեսանյութը հեռացնի, սակայն ինքը հրաժարվել է։ Ոստիկանության աշխատակիցները Բարսեղյանին բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին՝ հասարակական վայրերում սառը զենք կրելու կասկածանքով։

Բարսեղյանին բաժնում պահել են 3 ժամ, որից հետո փորձաքննության համար վերցրել են դանակը և խոստացել վերադարձնել 10 օր անց։

«Սառը զենք կոչվելու համար դանակը պետք է ունենա բազմաթիվ պարամետրեր, իմ դանակը արշավային դանակ է, որը չի համապատասխանում սառը զենքի պարամետրերին», – Բարսեղյանը նշել է, որ ոստիկանները սկզբում «ջղայնացած էին և հարձակավել են» իր վրա և, նրա խոսքով, իրենց անհարգալից և օրենքից դուրս են պահել։

«Ասել են, ախպե՛ր, ես ընտանիք եմ պահում, էս նկարում ես ֆեյսբուք գցես, որ հացիս վայիս լինես, դու հլը արի մի հատ նայենք, դանակ ես հա՞ պահում, մոտդ», -պատմել է Բարսեղյանը։