հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Ոստիկանները ստիպել են ակտիվիստի մորը «որդու անհետանալու» մասին դիմում գրել

Ոստիկանները ստիպել են ակտիվիստի մորը «որդու անհետանալու» մասին դիմում գրել

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վոլոդյա Ավետիսյանի և նրա ընկերների հետ Ազատության հրապարակում նստացույց անող 18-ամյա Արթուր Մարգարյանին մարտի 22-ին քաղաքացիական հագուստով ոստիկաններն Օպերային հարակից տարածքից հարվածելով նստեցրել են մեքենա և տեղափոխել ոստիկանության Ապարանի բաժին։ Epress.am-ի հետ զրույցում Մարգարյանը պատմել է դեպքի մանրամասները։

«Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով» օրերս հրապարակված դատավճռից հետո մի խումբ քաղաքացիներ նստացույց էին սկսել Ազատության հարապարկում։ Արթուր Մարգարյանը ծնողների իմացությամբ մասնակցել է նստացույցին։

Երեկ Ապարանի ոստիկանության աշխատակիցները բաժին են կանչել նրա մայրիկին ու ստիպել, որ հաղորդում ներկայացնի, որ իբր թե իր որդին երեք օր անհետ կորած է։

«Մամային ասել են, եթե դիմում չգրես ինչ-որ շեստոյ ադձելը (ոստիկանության 6-րդ բաժինը – խմբ․) գալու ա բռնի տղայիդ։ Վախեցրել էին, ու նա էլ գրել էր։ Հետո մամայի հետ եկել էին Երևան, մամային ասել էին՝ զանգի, ասա, թող Օպերայից դուրս գա, իբր տեղ պետք է միասին գնանք։ Էդպես էին անում, որ ես դուրս գամ Օպերայից ու ինձ բռնեն։ Այսինքն՝ ես անհայտ կորել եմ, ծնողները դիմում են տվել, ոստիկաններն էլ գտել են», – պատմել է երիտասարդը։

Երբ Մարգարյանը և մայրը Օպերայի տարածքից հեռացել են մոտ 10 մետր, նրանց են մոտեցել քաղաքացիական հագուստով երկու ոստիկաններ և ասել՝ պետք է գնան իրենց հետ։

«Ես արագ զանգեցի փաստաբանիս, բայց նրանք ինձ քաշքշելով, խփելով մտցրել են քաղաքացիական մեքենան, տարան Ապարան, բայց քանի որ արդեն աղմուկ էր բարձրացել, արագ բաց թողեցին»։

Ճանապարհին, Արթուրի խոսքով, երբ ինքը փորձել է բացատրել, որ ինքն իրավունք ունի խոսել փաստաբանի հետ և անօրինական կերպով են իրեն տանում, քաղաքացիական հանգուսոտվ անձանցից մեկն ասել է․ «Օրենքը մի կողմ թող, արի ընկերական խոսենք։ Դու սխալ բաներ ես անում»։

Մեզ հետ զրույցում Մարգարյանը նշել է, որ չնայած կատարվածին՝ ինքը շարունակելու է իր պայքարը և հենց այս պահին էլ Ազատության հրապարակում է։