Ռազմահայրենասիրական դաստիարակությունը (ՌՀԴ) Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության կարևորագույն ուղղություններից է: Այս մասին ասված է ՀՀ կառավարության կողմից մշակած «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարություն» կոչվող օրենքի նախագծում, որը ներկայացվել է E-draft.am կայքում։
Օրինագծում նշվում է, որ ՌՀԴ ռազմավարությունը ուղղված է ՌՀԴ իրականացման կայուն զարգացման ապահովմանը՝ նպաստելով գործունյա, հայրենիքի պաշտպանությանը պատրաստ քաղաքացու ձևավորմանը, հայոց բանակում պատանիների ծառայության նախապատրաստմանն ու պարտքի զգացումի ձևավորմանը, զինվորականի մասնագիտության հանդեպ գրավչության մեծացմանը, ազգային արժեքների գիտակցմանը, հայրենիքի հանդեպ նվիրվածության գիտակցմանը, կարգապահության ամրապնդմանը, հայրենիքը թշնամուց պաշտպանելու գիտակցմանը:
«ՌՀԴ-ն անձի ձևավորման մշտական գործընթաց է, որն ուղղված է հայրենիքի հանդեպ սիրո ցուցաբերման, նրա պաշտպանությանը բարոյապես և ֆիզիկապես պատրաստ քաղաքացու ձևավորմանը», ֊ ընդգծում են օրինագծի հեղինակները:
Ռազմավարության նպատակն է՝ ՌՀԴ կազմակերպումը և իրականացումն ապահովող համակարգերի արդիականացումը և կայուն զարգացման ապահովումն է Հայաստանի Հանրապետության ժամանակակից մարտահրավերներին համապատասխան՝ ապահովելով պետական, համայնքային և հասարակական կառույցների ներդաշնակ համագործակցությունը՝ հայրենիքի պաշտպանությանը՝ ֆիզիկապես և հոգեպես պատրաստ քաղաքացու ձևավորման գործընթացում:
«ՌՀԴ իրականացումը» բաժնում նշվում է, որ սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության իրականացման գործընթացի կայուն զարգացման ապահովումը պայմանավորված է առաջին հերթին Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ժամանակակից մարտահրավերներով։ Արտաքին մարտահրավերների շարքում նշվում են պատերազմները, շրջափակումը, աշխարհում և հարևան երկրներում մոլեգնող ահաբեկչություններն ու պատերազմները, հարևան որոշ պետությունների ծավալապաշտական նկրտումները։
Որպես ներքին մարտահրավերներ ներկայացվում են` հայրենիքի պաշտպանությանը ոչ պատրաստակամ քաղաքացիների առկայությունը, զինվորական ծառայության և զինվորականի մասնագիտության հանդեպ գոյություն ունեցող անտարբերությունը, օտար մշակութային արժեքներին հաղորդակից լինելու տենդենցը, անկարագապահությունն ու անդաստիարակությունը, դպրոցահասակ երեխաների մոտ (հատկապես՝ ավագ դպրոցի) փողոցային արատավոր վարքագծի դրսևորումների աճը (փողոցային արատավոր բառամթերքի օգտագործումը և համապատասխան վարքագծի դրսևորումը), արտագաղթը, տնտեսության դանդաղ զարգացումը՝ պայմանավորված վերը նշված գործոններով, թմրամոլությունը, թունամոլությունը։
«Սեռական այլասերվածությունը և նման այլ արատավոր երևույթները լուրջ խոչընդոտ են հանդիսանում՝ ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության իրականացման գործընթացին: Վերոնշված մարտահրավերներին դիմակայելու համար անհրաժեշտ է ունենալ ինչպես ՌՀԴ, այնպես էլ բարոյահոգեբանական դաստիարակության գործող և կայուն համակարգ, որը կապահովի ֆիզիկապես և հոգեպես հայրենիքի պաշտպանությանը պատրաստ, կարգապահ, ազգային արժեքները գիտակցող և դրանք համամարդկային արժեքներին զուգադրել կարողացող, փողոցային արատավոր վարքերից զերծ և բարոյական բարձր արժեքներով օժտված քաղաքացու ձևավորումը», ֊ վստահ են օրենքի նախագծի հեղինակները:
Նրանք նշում են նաև, թե ովքեր են պատասխանատու լինելու սովորողների դաստիարակության համար՝ ըստ ոլորտների․ «Ելնելով դաստիարակության գործընթացի բազմաբովանդակությունից և տարաբնույթ ուղղություններից, այն իրականացնում են համապատասխանաբար ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ ֆիզիկական դաստիարակությունը, զինվորական ղեկավարը՝ ռազմահայրենասիրական դաստիարակությունը, բարոյահոգեբանական, էկոլոգիական, աշխատանքային դաստիարակությունը՝ դասղեկները (կուրսղեկները), դասավանդող ուսուցիչները (դասախոսները)»:
Նշենք, որ օրինագծի մշակումը համընկել է այն բանի հետ, որ նմանատիպ՝ «Հայրենասիրական դաստիարակության մասին» կոչվող օրինագծի վրա այժմ աշխատում է Ռուսաստանի Դաշնության Պետդուման։ Այս փաստաթղթում որպես հայրենասիրական դաստիարակության բաղադրիչ է դիտվում նաև ռազմահայրենասիրական բաղադրիչը։ Այս պահին օրինագիծը լրամշակման փուլում է։