Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը դիմել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով վերացնել ՀՀ գլխավոր դատախազի կողմից թույլ տրված անգործությունը։ Դեռևս մարտի 13-ին Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել դատախազություն, ըստ որի՝ Երևանի քաղաքապետարանում 2018 թվականի մարտի 7-ին ապօրինի 20 000 դրամից մինչև 200 000 դրամ 403 հատ գումար-քարտեր են բաժանել։ Խմբակցությունը դա գնահատել է որպես խոշոր կոռուպցիոն գործարք:
Գլխավոր դատախազությունը, ըստ դիմումատուի, հրաժարվել էր կատարել իր պարտականությունը՝ հարուցել քրեական գործ:
«ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա. Սիմոնյանը հայտնել է, որ իմ կողմից մատնանշված հարցերն իրենց բնույթով դուրս են իրավական հարթությունում դիտարկման և քննարկման տիրույթից, քանի որ կոնկրետ նախապատրաստվող կամ արդեն կատարված հանցագործության մասին որևէ տեղեկատվություն չեն պարունակում, որն անհրաժեշտ պայման է ֆիզիկական և իրավաբանական անձի կողմից ներկայացված դիմումը հանցագործության մասին հաղորդում համարվելու և ստուգվելու համար», – նշված է Փոստանջյանի դիմումի մեջ:
Փոստանջյանի հարցմանն ի պատասխան, քաղաքապետարանից նշել են, որ բոլոր 403 նվեր-քարտերն առանց բացառության լիցքավորված են եղել 20 000 դրամով:
«Պարզ չէ` ի՞նչ կարգով են ձեռք բերվել այդ 403 հատ նվեր քարտերը` յուրաքանչյուրը 20 000 դրամով լիցքավորված, պահպանվե՞լ են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները, ովքե՞ր են ստացել այդ գումարները, ի՞նչ եղանակով են նրանց փոխանցվել այդ գումարները, արդյոք այդ 403 հատ 20 000 դրամով լիցքավորված նվեր քարտերը չե՞ն յուրացվել հենց Տարոն Մարգարյանի կողմից, նախորդ տարիներին որքա՞ն գումար է հատկացվել հանրային միջոցների հաշվին նմանատիպ նվերներ գնելու համար», ֊ իր հաղորդման մեջ գրել է «Երկիր Ծիրանիի» նախագահը:
Նա նաև ընդգծել է, որ, ըստ շրջանառվող լուրերի, բաժանված քարտերը, հնարավոր է, պարունակել են ոչ թե 20 000 դրամ, այլ 20 000-ից մինչև 200 000 դրամ, որի ընդհանուր գումարը 20 000 դրամի դեպքում՝ կազմում է 8 060 000 դրամ, իսկ 200 000 դրամի դեպքում՝ 80 600 000 դրամ։ Ըստ Փոստանջյանի տեղեկությունների՝ գումար-քարտն ստանալիս կանայք ինչ-որ փաստաթղթի տակ են ստորագրել։
Ըստ դիմումի՝ Տարոն Մարգարյանի և նրան ենթակա՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների կողմից կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու փաստերի վերաբերյալ գործողությունները պարունակում են Քրեական օրենսգրքի հետևյալ հոդվածները․ Հոդված 308՝ Պաշտոնական լիազորությունների չարաշահելը, Հոդված 310.1՝ Ապօրինի հարստանալը, Հոդված 312.1՝ Պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողին ապօրինի վարձատրություն տալը, Հոդված 312.1՝ Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու համար ապօրինի վարձատրություն տալը: