Արցախի Պաշտպանության բանակի N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հասել է Երևան` Մուրացանի զինվորական հոսպիտալ: Այս մասին իր այսօրվա համարում հրապարակված «Մութ պատմություն ՊՆ֊ում» հոդվածում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ նշելով, որ այդ մասին «մի քանի օր առաջ տեղեկություն է ստացել»։ Թերթը նշում է, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում:
«ՀԺ»֊ի հետ զրույցում Արթուր Արեյանը հերքել է լուրը՝ ասելով, որ երբեք զինվորի չի խփել։
«Այնուհետև հիշեց, որ մարտի 7-ին զորամասի լոգասենյակում շարքայիններ Ալբերտ Միհրանյանը և Արթուր Սիմոնյանը միմյանց հետ վիճաբանություն են ունեցել, ինչի արդյունքում Արթուր Սիմոնյանը հոսպիտալացվել է Ստեփանակերտի, այնուհետև՝ Մուրացանի հոստպիտալ։ Արթուր Արեյանը նաև նշեց, որ գործն ուղարկել են դատախազություն, և Ալբերտ Միհրանյանը 20 օրով կարգապահական զորամաս է գնացել», ֊ գրում է «ՀԺ»֊ն։
Թերթի թղթակից Նիկոլայ Ավետիսյանը կապ է հաստատել Մուրացանի հոսպիտալի հետ. բժիշկ Կարեն Սևտերտերյանն ասել է, որ Արթուր Սիմոնյանի վիճակը բավարար է, ինքը տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը հայտնվել հոսպիտալում և Սիմոնյանի կոնտակտային տվյալները չի տվել։
«Քիչ հետո խմբագրությունը զանգ ստացավ։ Զանգահարողը ներկայացավ որպես տուժող Արթուր Սիմոնյան և նշեց, որ կռիվը եղել է իր և համածառայակից Ալբերտ Միհրանյանի միջև, գումարտակի հրամանատարը կապ չունի։ Թե ինչպե՞ս էր զինվորն իմացել, որ իրեն ենք փնտրում, չճշտվեց։ Փոխարենը Սիմոնյանն անընդհատ նշում էր, որ գումարտակի հրամանատարը կապ չունի դեպքի հետ և անձամբ ինքը վատ վերաբերմունք չի ստացել Արթուր Արեյանից։ Սիմոնյանը պնդում էր, որ վիճաբանության պատճառն իրար չհասկանալն է եղել։ Նրա խոսքով՝ վիճաբանությունից հետո գումարտակի հրամանատարն իրենց տարել է զորամասի հրամանատարի տեղակալի մոտ։ Դիտարկմանը, թե այդ վիճակում ինչպե՞ս են զորմասի հրամանատարի մոտ տարել, արդյո՞ք համեմատաբար լավ վիճակում է եղել, և զորամասի հրամանատարի տեղակալի սենյակում զորամասի հրամանատարը ծեծել է իրեն, Սիմոնյանն արձագանքեց, որ՝ ոչ, զորամասի հրամանատարի սենյակ են տարել, հետո անմիջապես՝ հոսպիտալ», ֊ գրում է հոդվածի հեղինակ Նիկոլայ Ավետիսյանը։
Դատախազությունից հաստատել են, որ Ալբերտ Միհրանյան անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 (Զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում պետին (հրամանատարին) ծեծելը կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելը) և 359.1 (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության (ենթակայության) հարաբերությունների բացակայության դեպքում) հոդվածներով։
Հոդվածագիրն ընդգծում է, որ անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի դեպքի հետ 358.1 հոդվածը, երբ երկու զինծառայողներն էլ նորակոչիկներ են։
«Կա վարկած, որ զինվորների միջև վիճաբանությունը փորձել է լուծել անձամբ գումարտակի հրամանատար Արթուր Արեյանը՝ իր բաժին հարվածները հասցնելով զինվորներին։ Չի բացառվում, որ Արթուր Սիմոնյանի հոսպիտալացման համար նրա ծառայակից Ալբերտ Միհրանյանի մեղքը նվազագաույնն է», ֊ եզրափակում է հոդվածագիրը։