հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ոստիկանություն / Ոստիկաններն այցելել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամի տուն

Ոստիկաններն այցելել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամի տուն

«Մերժիր Սերժին», «Իմ քայլը» նախաձեռնությունների անդամ, ակտիվիստ Անուշ Լալայանի տուն այսօր այցելել են Ոստիկանության 5 աշխատակիցներ՝ առանց որևէ բացատրության և ծանուցման։ Այս մասին Epress.am-ի հետ զրույցում ասել է Անուշ Լալայանը՝ նշելով, որ ոստիկանների այցելության պահին նա տանը չի եղել։

«Ես իմ աշխատանքի վայրում էի, ինձ զանգեց Ոստիկանության ներկայացուցիչը, որը ներկայացավ Կենտրոն վարչական շրջանի ոստիկանությունից, բավականին կոպիտ և ագրեսիվ տոնով պահանջեց, որ իրեն ասեմ իմ գտնվելու վայրը։ Ես բնականաբար մերժեցի որևէ տեղեկություն տալ, քանի որ նրանք չէին մեկնաբանում՝ ինչ հիմքով են այդ պահանջը ներկայացնում», – ասել է Լալայանը։

Նրա խոսքով՝ ոստիկանության աշխատակիցներն իր մորից պահանջել են ցույց տալ Անուշի լուսանկարը․ «Նրանք երևի անգամ իմ դեմքը չեն տեսել, ինձ չեն ճանաչում։ Ուղղակի ասացին, որ Ճանապարհային ոստիկանությունն իմ կողմից խախտում է գրանցել, ինչին ես պատասխանեցի, որ ոչ մեքենա ունեմ, ոչ էլ զեբրան սխալ եմ անցել։ Ասացի, որ իմ իրավաբանի հետ խոսել եմ և չեմ ներկայանալու մինչև ծանուցում չստանամ, ինչին ոստիկանն ասաց՝ ով է քո իրավաբանը, ինքը խոչընդոտում է ոստիկանության աշխատանքին»։

Լալայանի պնդմամբ՝ ոստիկանների այցելությունը պատահական չէ և քաղաքական նպատակ է հետապնդում։

«Կարծում եմ՝ սա կապված է իմ «Մերժիր Սերժին», «Իմ քայլը» նախաձեռնություններին մասնակցելու հետ և քաղաքական հետապնդում է»,- ասել է Լալայանը։

Հարցին, թե նա քաղաքական ո՞ր ուժին է հարում, Լալայանն ասել է․ «Բոլոր այն ուժերին, որոնք դեմ են Սերժ Սարգսյանի իշխանությանը»։