Հայաստանը շարունակում է մասնակի ազատ երկրների շարքում գտնվել, փաստում է Freedom house միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2018 թվականի զեկույցը։ Ըստ զեկույցի հեղինակների՝ մամուլը Հայաստանում, սակայն, ազատ չէ։
Քաղաքական ազատությունները երկրում 7 բալանոց սանդղակով գնահատվել են 5 միավորով (7-ը վատագույնն է, 1-ը՝ լավագույնը), քաղաքացիական ազատությունները՝ 4֊ով։ Այս գնահատականը նույնն է մնացել 2013 թվականից ի վեր։ 2017 թվականի իրադարձությունները գնահատող որակական զեկույցը, որտեղ առանձին մանրամասն անդրադարձ է կատարվում յուրաքանչյուր երկրին, կազմակրեպությունը դեռ չի հրապարակել։
«Ժողովրդավարությունը ճգնաժամի մեջ» վերնագրված 2018-ի զեկույցի նախաբանում Freedom House-ը նշում է, որ 2017 թվականին ազատությունների սահմանափակումները ողջ աշխարհում հասել են վերջին տասնամյակի ամենավատ ցուցանիշին։ Առանձնցվում է արդար ընտրությունների միջոցով իշխանություն ձևավորելու և օրինական պետություն ունենալու իրավունքի սահմանփակման խորացող միտումը։ Նախ և առաջ նշվում է ԱՄՆ֊ն, որտեղ նախագահ Դոնալդ Թրամփի ընտրությունների լեգիտիմությունն է կասկածելի միջազգային կազմակերպության համար։
Կարճ անդրադարձ կա նաև հայաստանյան ընտրություններին․ «Հայաստանում լուրջ խախտումներով անցկացվող քվեարկություները ցուցիչ է նրա, որ ընտրությունների անցկացման ժողովրդավարական չափանիշները շարունակական քայքայման գործընթացի մեջ են»։
Հարևան Վրաստանը ևս մասնակի ազատ երկիր է համարվում, սակայն Հայաստանի համեմատ ավելի ազատ քաղաքական և քաղաքացիական դիրքորոշման արտահայտման հնարավորություններով։ Freedom House-ը, սակայն, բացասական կանխատեսումներ է անում այդ երկրի համար՝ հիմնվելով «Վրացական երազանք» կուսակցության անցկացրած սահմանադրական փոփոխությունների վրա։ Դրանք, ըստ զեկույցի, էլ ավելի կբարդացնեն որևէ ընդդիմության հնարավորություններն առաջիկա ընտրություններում։
Ադրբեջանը շարունակում է համարվել անազատ երկիր, որտեղ քաղաքական ազատություններն ի սպառ բացակյում են՝ 7 միավորից 7, իսկ քաղաքացիական ազատությունները 7֊ից 6 միավոր են ստացել։