«Մերժիր Սերժին», «Հանուն Հայաստան պետության» ճակատ և #Իմքայլը նախաձեռնություններն այսօր հերթական ակցիաներն են անցկացրել ընդդեմ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի վարչապետությանը։ Ամենազանգվածայինը Բրազիլիայի հրապարակից մեկնարկած ավտոերթն էր, որի ընթացքում մեքենաներն անցան Բաղրամյան պողոտայում գտնվող Սերժ Սարգսյանի նստավայրի կողքով։
Ավոտերթից առաջ՝ դեռևս 17։00-ից սկսած մի խումբ ակտիվիստներ փակել էին Մաշտոցի պողոտան՝ Օպերայի շենքի մոտ։ Սկզբում ոստիկանները չէին միջամտում, սակայն մոտ կես ժամ անց նրանք բացեցին ճանապարհը՝ ուժով դուրս բերելով ակտիվիստներին փողոցից։
Մինչ այդ էլ ևս մեկ միջադեպ էր տեղի ունեցել․ մի մեքենա ճեղքել էր ակտիվիստների պատնեշը և ընթացքում մեքենայի կապոտից գցել ակտիվիստներից մեկին, որը փորձում էր թույլ չտալ, որպեսզի մեքենան առաջ ընթանա։ Ակտիվիստը մեզ հետ զրույցում ասաց, որ լուրջ վնասվածքներ չի ստացել, թեթև գլխապտույտ ունի։
Ավտոերթն Օպերայի շրջակայք հասավ 19։00-ի մոտ, թեքվեց դեպի Բաղրամյան։ Ոստիկանական մեքենաները մի քանի րոպե փակել էին Բաղրամյանի սկզբնամասը, որի հետևանքով մեծ խցանում էր առաջացել։ Ակտիվիստները դուրս են եկել մեքենաներից, սկսել ծաղիկներ նվիրել ոստիկաններին, որոնցից վերջիններս համառորեն հրաժարվել են։
Ավոտերթի մասնակիցներից Դավիթ Սանասարյանը բարձրախոսով կոչ է արել բոլորին միանալ վաղը 18։30-ին Ազատության հրապարակում կայանալիք համատեղ հանրահավաքին, որից հետո ոստիկանները բացել են Բաղրամյանը և ավտոերթի մասնակիցները շարժվել են դեպի Կոմիտասի պողոտա՝ շարունակելու հանրահավաքի իրազեկումը։