Ապրիլի 17-ին Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականապայթյունային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1998թ. ծնված Ռուսլան Զորիկոյի Մանուկյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Ապրիլի 15-ին Արցախում ևս մեկ զինծառայողի մահվան դեպք էր գրանցվել։
«Նախնական տվյալներով՝ զինծառայող Ալեք Կարապետյանը կրծքավանդակի աջ շրջանում կյանքի հետ անհամատեղելի հրազենային վիրավորումն ստացել է ժամը 19:15-ի սահմաններում՝ ժամապահի պարտականությունները կատարելու ժամանակ։ Զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վերջինս ստացած հրազենային վնասվածքից մահացել է․․․ Քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ զինծառայողը հրազենային վնասվածքն ստացել է ծառայակցի հետ վիճաբանության ժամանակ՝ վերջինիս կողմից արձակված կրակոցի հետևանքով։ Քննությամբ պարզվել է վիճաբանության շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով ձերբակալվել է», -նշված է Քննչական կոմիտեի հայտարարության մեջ։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):