Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոնը ներկայացնում է գործադուլ անողների իրավունքները։
Գործադուլ իրականացնելը յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու սահմանադրական իրավունք է, որը պաշտպանվում է ՀՀ Աշխատանքային օրենսգրքով և մարդու իրավունքների մի շարք միջազգային դաշնագրերով։
Համաձայն ՀՀ Սահմանադրության (հոդված 58), աշխատողներն իրենց տնտեսական, սոցիալական կամ աշխատանքային շահերի պաշտպանության նպատակով ունեն գործադուլի իրավունք:
Գործատուն իրավունք չունի արգելել կամ խոչընդոտել գործադուլի կազմակերպումը կամ դրանում մասնակցությունը: Ավելին, ըստ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի (հոդված 79),
աշխատողին գործադուլից հրաժարվել պարտադրող անձինք ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի`
– Գործադուլին մասնակցող աշխատողներն ազատվում են իրենց աշխատանքային գործառույթները կատարելու պարտականություններից:
– Գործադուլի ընթացքում պահպանվում է գործադուլին մասնակցող աշխատողների աշխատատեղը (պաշտոնը):
– Գործադուլին մասնակցող աշխատողներին գործատուն կարող է աշխատավարձ չվճարել:
Գործադուլ հայտարարվելու մասին որոշումն ընդունվելուց հետո և գործադուլի ընթացքում գործատուն իրավունք չունի`
1) խոչընդոտելու բոլոր կամ առանձին աշխատողներին` հաճախելու իրենց աշխատատեղերը,
2) հրաժարվելու աշխատողներին աշխատանք տրամադրելուց,
3) գործադուլին մասնակցելու համար աշխատողներին ենթարկելու կարգապահական պատասխանատվության,
4) գործադուլին մասնակցող աշխատողների փոխարեն ընդունելու նոր աշխատողներ:
Գործադուլի իրավունքի իրացման ապահովումը նաև ՀՀ կառավարության միջազգային պարտավորություն է՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակույթային իրավունքների դաշնագրի 8րդ հոդվածով։
Նշենք, որ մի քանի օր շարունակ Հայաստանի տարբեր մարզերում և Երևանում մարդիկ գործադուլներ են անում՝ դրանով արտահայտելով իրենց բողոքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ։