22:15 «Ժողովուրդ ջան, այսօր էս ինչ արեցիք։ Էս ինչ արեցիք։ Էս ինչ բոմբել բոմբեցիք։ Եվ այսօր մենք խփում ենք․ մեր իսկ սեփական՝ ապրիլի 17֊ի լեփ֊լեցուն Հայաստանի Հանրապետության հրապարակն այսօր շատ ավելի լեփ լեցուն է»։ Այսպես է այսօր Հանրապետության հրապարակի իր ելույթը սկսել Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։
Նա ասել է, որ այլևս ամբողջ աշխարհն է տեսնում, որ Հայաստանում տեղի է ունենում ժողովրդական ոչ բռնի թավշյա հեղափոխություն է, որը հաղթելու է շատ շուտով։
«Այսօր մենք ևս մեկ նոր ռեկորդ ենք սահմանել։ Այսօրվա մեր երթը շարունակվել է ուղիղ 25 կմ 100 մետր։ 37 հազար քայլ։ Հազարավոր քաղաքացիներ պատշգամբներից կախված երջանիկ ու հաղթական նայում էին, մայթեզրերին, փողոցներին մեզ դիմավորող հաղթական քաղաքացիական խմբեր՝ հյուրասիրություններ, շամպայն․․․
«Արդեն քանի օր իշխանության ներկայացուցիչները խոսում են մեզ հետ երկխոսություն սկսելու իրենց պատրաստակամության մասին և ձևակերպում են այսպես, թե իշխանությունները պատրաստ են երկխոսել (հավաքվածները սկսել են վանկարկել՝ ուշ ա, ուշ ա)։
Պարզապես ծիծաղելի է, որ Սերժ Սարգսյանի մահամերձ կամ մահացած իշխանությունը մեզ երկխոսության կոչ է անում։ Քաղաքական դիակի հետ չեն երկխոսում։ Սերժ Սարգսյանը քաղաքական դիակ է։ Եվ իշխանությունը այլևս անվերադարձ, այլևս անվերադարձ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին։
Այո, մենք ասում ենք՝ ի՞նչ երկխոսություն․ ճիշտ եք ասում՝ արդեն ուշ ա․․․ Բայց դա չի նշանակում, թե մենք պատրաստ չենք որևէ քննարկման։ Մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել Սերժ Սարգսյանի հեռացման՝ հրաժարականի ժամկետները և դրա հետ կապված որոշ պայմաններ։ Եվ ես պատրաստ եմ ասել, կարծում եմ դուք բոլորդ կհամաձայնեք դրա հետ, որ մենք ընդհանրապես վենդետաներ և վրեժխնդրություններ չենք ուզում։ Եվ եթե Սերժ Սարգսյանն օր առաջ բացի իր աչքերը և օր առաջ հրաժարական տա, դա միայն ու միայն օգուտ կբերի նրան և Հայաստանի Հանրապետությանը։
Ես ուզում եմ խոսել նաև այն մասին, թե կոնկրետ ինչպես ենք մենք պատկերացնում հետագա քաղաքական զարգացումները․
Կետ 1․ Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս վարչապետի պաշտոնից,
Կետ 2․ Ազգային ժողովը վարչապետ է ընտրում ժողովրդի թեկնածուին (ցուցարարները վանկարկում են՝ «Նիկոլ, Նիկոլ»),
Կետ 3․ Ձևավորվում է ժամանակավոր կառավարություն,
Կետ 4․ Հայաստանի օրենսդրությամբ վարչապետ նշանակվելուց հետո քսան օրվա ընթացքում ԱԺ֊ն պետք է հավանություն տա կառավարության ծրագրին։ Ահա, երբ ձևավորվում է ժամանակավոր կառավարությունը, քաղաքական պայմանավորվածության համաձայն, ԱԺ֊ն չի ընդունում կառավարության ծրագիրը, ինչից հետո իրավունքի ուժով տեղի են ունենում արտահերթ խորհրդարանական ընտրություններ։
Ահա այս ծրագրի կետերը մենք պատրաստ ենք քննարկել Հանրապետականի ներկայացուցիչների հետ, որպեսզի ապահովենք իշխանության սահուն, անցնցում փոխանցումը ժողովրդին։
Բայց այստեղ կա մի կարևոր նախապայման, որ տեղի ունենալիք արտահերթ խորհդարանական ընտրությունների արդյունքները կասկածելի պիտի չլինի, դա պիտի լինի 100 տոկոսով մաքուր, 100 տոկոսով արդար, 100 տոկոսով ազատ ընտրություններ։ Եվ այդ ընտրություններում ու սրանից հետո տեղի ունենալիք բոլոր ընտրություններում հաղթող պիտի լինի մեկ ուժ՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը», ֊ ասել է նա։
Փաշինյանն ընդգծել է, որ թշնամանքի դարաշրջանը Հայաստանում ավարտվել է, և երկրում տիրում է փոխադարձ սիրո մթնոլորտ․ «Եվ ոչ մեկը չփորձի ոտնձգություն անի այդ մթնոլորտի վրա»։
Նա կրկին դիմել է ոստիկանությանը՝ կոչ անելով․ «Զենքդ դիր, մերժիր Սերժին»։
Փաշինյանն ասել է, որ վաղը քաղաքացիները կրկին պետք է շարունակեն քաղաքացիական անհնազանդության ակցիաները․ «Դուխով, ռիսկով, քայլ արա, մերժիր Սերժին։ Ու քանի որ, կարծես թե, էդ ամենօրյա երթերն ավանդույթ են դառնում, ու վաղը շաբաթ օր է, ես ուզում եմ ասել հետևյալը՝ ես վաղը 11։00-ին քայլարշավս կսկսեմ 7-րդ մասիվի «Նոր տուն» խանութ֊սրահի մոտից»։
20։35 Ելույթ են ունեցել դերասանուհիներ՝ Ջուլիետա Ստեփանյանը և Ալինա Մարտիրոսյանը։ Վերջինս կոչ է արել շոու-բիզնեսի ներկայացուցիչներին գալ և կանգնել ժողովրդի կողքին, ոչ թե «մեդալները կախեք և նստեք տանը, էս ձեզ համար սերիալ չի, նստում, նայում եք»։
20:30 Հանրահավաքին մասնակցողները նշում են, որ այսօր ներկա են շատ ավելի մեծ թվով մարդիկ, քան նախորդ օրերին։ Նշենք, որ ապրիլի 17-ի հանրահավաքին, մասնավորապես, «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության հաշվարկի համաձայն, ներկաների թիվը 35000 էր։
20:25 100-ից ավել դասախոսներ հայտարարություն են տարածել։ Հանրահավաքին այն ընթերցել է #ԻմՔայլը նախաձեռնության ներկայացուցիչ Տիգրան Ավինյանը․
«Մասնակցելով խաղաղ հանրահավաքներին՝ քաղաքացիները չեն խախտում օրենք։ Հակառակը՝ իրականացնում են իրենց սահմանադրական իրավուքները։
Համոզված ենք, որ ՀՀ երիտասարադ քաղաքացիների քաղաքական դիրքորուշում արտահայտելու գործողությունները միայն խրախուսանքի և աջակցության են արժանի։ Այդ թվում՝ ուսուցիչների և դասախոսների կողմից։ Կոչ ենք անում չխոչընդոտել նրանց ազատ կամքի արտահայտումը ու դադարեցնել նրանց հանդեպ բռնությունները»։
20։15 Ժողովուրդը ոտքի է ելել վերադարձնելու իրենից գողացված, ուզուրպացված իշխանությունը։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում ասել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։ Հրապարակում հազարավոր մարդիկ են հավաքվել, որոնցից շատերն օրվա ընթացքում մասնակցել էին Երևանում և մարզերում փողոցների արգելափակման գործընթացին։
«Ժողովուրդ պատկերացրեք, դպրոցներում ոստիկանական ջոկատներ են ուղարկում, որ երեխաները դասադուլ չանեն։ Մեր երեխաներին փորձում են փակել դպրոցում, բայց դա չի ստացվում։
Ուրեմն այսօր, մեզ հասած տեղեկություններով, բուհերում դասին չեն մասնակցել տասնյակ հազարավոր ուսանողներ։ Պատկերացրեք՝ բուհերը դատարկ են։ Բուհերում են միայն ուսխորհուրդիկները և բազեիկները։ Տասնյակներ են այն հիմնարկները, որոնք աջակցություն են հայտնում մեր շարժմանը գործադուլով, ամեն ինչով։
Մի բարձրաստիճան պաշտոնյա, որի անունը չեմ նշի, ինձ մի անկյուն քաշեց և ասաց՝ տեսնում եմ, Ձեր հետ են բոլորը, բոլորը, բոլորը։ Նաև ասաց՝ միայն թե խնդրում եմ, շատ եմ խնդրում, դիմացեք, կանգնեք, մի քիչ էլ կանգնեք։
Բա ո՞նց կարող ենք չկանգնել, մենք կանգնած ենք։ Սկսել են հասնել լուրեր, որ մարդիկ հրապարակավ շպրտում են իրենց ՀՀԿ֊ական տոմսերը։ Ուրեմն այսուհետ մենք այստեղ կդնենք աղբարկղ և թող մարդիկ հազարներով բերեն և շպրտեն այդ կեղտը։
Սփյուռքը տոտալ մեր հետ է։ ՀՀ֊ում կա ներգաղթ։ Մարդիկ գալիս են այստեղ կանգնելու, ովքեր էլ որ չեն գալիս, ակցիաներ են անում բոլոր տեղերը՝ Մարսել, Մոսկվա, ամենուր։ Եվ ամենակարևորը մեր մեջ, ՀՀ քաղաքացիների մեջ վախը տոտալ հաղթահարված է և կա հաստատ հավատ հաղթանակի նկատմամբ։
Մեր շարժումը գտնվում է համայն աշխարհի ուշադրության կենտրոնում։ Աշխարհի բոլոր առաջատար պարբերականները գրում են մեր մասին։ Սերժ Սարգսյանի այդ խեղկատակ ընտրության առթիվ շնորհավորել է միայն մեկ֊երկու պետություն։ Եվ նույնիսկ այդ երկու պետության պաշտոնական խողովակներով ընդգծում են, հայտարարում և ճանաչում են իշխանությունը փողոցով փոխելու Ձեր իրավունքը։
Նորից ու նորից դիմում եմ Հայաստանի ոստիկաններին։ Ձեր վահաններն ու սաղավարտներն իզուր են, մենք Ձեզ մատով չենք կպնելու։ Բազմաթիվ են լուրերը, որ ոստիկանության ներսում մեծ մասը մեր հետ են։ Բայց դա քիչ է։ Նրանք գործ ունեն անելու։ Նրանք պետք է հրաժարվեն կատարել մեր ակտիվիստների բերման ենթարկելու և ծեծելու հրամանները՝ միանշանակ։ Ես հենց հիմա դիմում եմ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, փոխոստիկանապետերին, քաղմասների պետերին։ Ուրեմն հանեք ձեր կարմիր բերետներին և սև դիմակավորներին փողոցներից, վերջ։ Շախմատիստ Սերժ Սարգսյանը հայտնվել է մի իրավիճակում, որը շախմատային լեզվով կոչվում է ցուգցվանք կամ իրավիճակ, երբ ինչ անի իր դեմ է, ինչ քայլ անի իր դեմ է։
Եվ ամենավերջում՝ արդեն երկու օր է մեզ դիմում են երկխոսության առաջարկով։ Շարմազանովով, Վիգենով ասում են այդպես չի՝ ամեն ինչ կամ ոչինչ։ Լսեցի՞ք պատասխանը։ Հանրությունը գոռում էր՝ ամոթ։ Մենք նրանց հետ պատրաստ ենք բանակցել մի թեմայով՝ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության կապիտուլյացիայի։ Եվ հիմա ասում եմ մի բառ որից վախենում էի՝ հաղթանակ», ֊ ասել է Միրզոյանը։