հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Հայաստան / Թանկյանը կոչ է անում հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից

Թանկյանը կոչ է անում հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից

Սերժ Սարգսյանը ոչ միայն պետք է հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց:Այս մասին այսօր ասել է ամերիկահայ երգիչ Սերժ Թանկյանը ՝ իր տեսաուղերձում։

«Ես շատ կուզեի ձեզ միանալ Երևանում և այլ քաղաքներում, քանի որ սիրտս և միտքս ամբողջովին ձեզ հետ է։ Մինչև այսօր չեմ կարողացել կարևոր պատճառներով, բայց կհուսամ մոտիկ ժամանակներս կկարողանամ։ Ցանկանում եմ շնորհավորել Ձեզ Հայաստանի պատմության մեջ մինչ օրս ամենահաջող քաղաքացիական անհնազանդության քարոզարշավի համար: Այս շարժումը իսկական է և այն լիովին ձերն է, և պետք է մնա այդպիսին, զերծ իրենց շահը հետապնդող կասկածելի ուժերից։

Պետք է իմանաք, որ Սփյուռքում բոլորը ձեզ աջակցում են, նույնիսկ նրանք, ովքեր լինելով տարբեր կազմակերպություններում, որոշ պատճառներով դեմ են ձեր ջանքերին, բայց ներքուստ նրանք նույնպես ձեզ աջակցում են։

Մենք ապշած ենք ձեր առաքինությամբ, խաղաղասիրությամբ և հանդուրժողականությամբ։

Ես տեսնում եմ սերը ձեր աչքերի մեջ և ձեր սրտերում և ձեր դեմքերի ժպիտները, ինչպես ես արդեն տեսել էի, երբ մենք 2015 թ-ին բեմից ելույթ ունեցանք System of a Down-ի հետ:

Ես տեսնում եմ այն նաև ձեր բողոքի ցույցերում։ Սա յուրահատուկ բան է Հայաստանի համար, սա նոր մշակութային հեղափոխություն է, և դա է այսօր իսկական հեղափոխությունը Հայաստանում:

Դուք փոխել եք ձեր մշակույթը, և դրա շնորհիվ արդեն հաղթել եք։ Դուք հասկացել եք, որ այս մշակույթի փոփոխությունը, այս մշակութային զարթոնքը և արդարության պահանջը մարդու հիմնական իրավունքներն են:

Իսկ այժմ ես ունեմ մի քանի խորհուրդ, եթե թույլ տաք։

1․ Հեռու մնալ «գունավոր հեղափոխության» տերմինաբանությունից, քանզի այն ընդհանրացվում է Արևելք /Արևմուտք առճակատման հետ։ Մեր պայքարը Արևելքին կամ Արևմուտքին կողմ կամ դեմ լինելը չէ, այլ այն արդարության և առաջադիմական փոփոխության համար է: Մենք չենք ուզում որևէ կայսրության վասալ պետությունը լինել, մեզ պետք են լավ հարաբերություններ բոլորի հետ:

2․ Ձեր պահանջները կոնկրետացրեք: Առաջարկում եմ պահանջել, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն հրաժարական տա վարչապետի պաշտոնից, այլ նաև հրաժարվի իր կուսակցության առաջնորդը լինելուց: Այնուհետև ես կպահանջեի բարեփոխումների փաթեթ, որը կզբաղվեր այն բոլոր անարդարություններով, որոնք մեզ հայտնի են` կոռուպցիա, շրջակա միջավայրի աղտոտում, և այլ բաներ, ներկայացնելով հստակ ժամանակահատված նոր կառավարությանը դրանք իրականացնելու համար։ Եթե բարեփոխումները տեղի չեն ունենում, ապա ես ամսաթիվ կնշանակեի ապագա նոր բողոքի ցույցերի համար, այս անգամ պահանջելով խորհրդարանի հրաժարականը և նոր խորհրդարանական ընտրություններ:

3․ Շարունակեք ձեր խաղաղ դիմադրությունը, խուսափեք սադրիչների թակարդներից, նրանք կստանան իրենց անարդարությունը, երբ նրանց ղեկավարները մի օր կազատվեն աշխատանքից, և նրանք ստիպված կլինեն գալ ձեր մոտ աշխատանք խնդրելու համար: Շարունակեք լինել ճկուն, արդար, անկեղծ և սիրող, շարունակեք ոստիկանության հետ վարվել եղբայրների և քույրերի պես, քանի որ նրանք այդպիսին են իրականում», ֊ ասել է Թանկյանը։