հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Վերլուծություն / ՀԱԿ֊ը պահանջում է անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և մյուս ձերբակալվածներին

ՀԱԿ֊ը պահանջում է անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և մյուս ձերբակալվածներին

«Հայ Ազգային Կոնգրես» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որով պահանջում է ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին և մյուս ձերբակալվածներին։

«2018 թ․-ի ապրիլի 17-ին Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման դեմ զանգվածային պոռթկումը, որի առանցքը և շարժիչ ուժը երիտասարդությունն է, համակել է ամբողջ Հայաստանը։ Բողոքի այս ցույցերը կրում են բացառապես խաղաղ, ժողովրդավարական բնույթ։ Ինչպես 1988-ին և 2008-ին, այսօր ծավալվող գործընթացը նույնպես քաղաքական հասունության և քաղաքացիական գիտակցության բարձրացման դպրոց է հանդիսանում նոր սերնդի համար, որը նաև Հայրենիքի վաղվա պաշտպանն է։ Սա ինքնին մեծագույն արժեք է Հայաստանի համար, և աններելի հանցանք կլինի բիրտ ուժով այս զարթոնքը ճնշելը։

Պոռթկումը ճնշելու նպատակով իշխանությունը գնաց անխոհեմ և չափազանց վտանգավոր քայլի։ Ձերբակալվեցին շարժման առաջնորդները և հարյուրավոր ակտիվիստներ, ձեռնարկվում են ոստիկանական պատժիչ գործողություններ, գործի են դրվում կրիմինալ բանդաները, որոնք հարձակումներ են կատարում խաղաղ ցուցարարների վրա։

Նման գործողությունները հիշեցնում են իշխանության գործելաոճը 2008թ․-ի մարտի 1-ից առաջ։ Երբ զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցներից հարկադրաբար մեկուսացվում են շարժման առաջնորդները, իշխանությունը կանխամտածված ստեղծում է գործընթացները անկառավարելիության հուն տեղափոխելու պայմաններ։ Իսկ երբ երկրի փաստացի ղեկավարը նաև հրապարակայնորեն սպառնում է ցուցարարներին մարտի 1-ի կրկնությամբ, այդ պահից սկսած նա ըստ էության ստանձնում է թե՛ 2008 թ․-ի մարտի 1-ի ոճրագործության, և թե՛ ապագա հնարավոր վտանգավոր զարգացումների պատասխանատվությունը։

Կոնգրեսը պահանջում է իշխանություններից զերծ մնալ մարտիմեկյան գործելակերպից, անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, բողոքի ակցիաների մյուս կազմակերպիչներին և ակտիվիստներին, և իրավիճակը կարգավորել բացառապես քաղաքական, խաղաղ մեթոդներով։

Հայ Ազգային Կոնգրեսը իր անվերապահ աջակցությունն է հայտնում ժողովրդավարության հաստատման համար ոչ բռնի, սահմանադրական, խաղաղ ճանապարհով պայքարող ժողովրդին», ֊ ասված է հայտարարության մեջ։