Ապրիլյան քառօրյայի մասնակից զինծառայողներից մոտ 200 հոգի այսօր երթ են կազմակերպել դեպի Ազգային ժողով։ Նրանց ուղեկցել են նաև զոհված զինծառայողների մայրեր և հարազատներ։ Հայրենասիրական երգեր երգելով, զինվորական քայլերթով՝ նրանք բարձրացել են դեպի Ազգային ժողով՝ թույլ չտալով, որ այլ երթեր, օրինակ ուսանողների, միանան իրենց՝ ապահովության նկատառումներով։
Նախ երթը որոշել էր գնալ այնտեղ, որտեղ ոստիկանի բռնության մասին տեղեկություն կստանան:
«Միայն ապրիլյանի մասնակիցներով ենք գնում։ Գնում ենք, որ էդ ոստիկանների աչքերի մեջ նայենք ու ասենք՝ ո՞նց եք ծեծում մարդկանց, որ մենք ձեր բոլորի կյանքը մեր կյանքը վտանգելով ենք պահել», – ասել է մասնակիցներից մեկը՝ Մանվել Մանուկյանը:
Հետո նրանք որոշեցին շարժվել ԱԺ՝ հանդիպելու պատգամավորներին:
Ազգային ժողովի մոտ երթի մասնակիցները փշալարի են հանդիպել, ոստիկանների մի քանի շարք կանգնել էր փշալարի հետևում։ Զինվորներից մեկը խնդրել է՝ էդ վահանները իջեցրեք։ Գնդապետ ոստիկանը փշալարերի մյուս կողմից ասել է, որ ինքը իրավասու չէ բացել ճանապարհը։
«Դուք ձեր կոչը արեք, պատգամավորները համացանցով կլսեն»,֊ խորհուրդ է տվել նա։