ՀՀԿ խմբակցությունում կա կանխատրամադրվածություն չխոչընդոտել մայիսի 1֊ի ընտրությանը։ Այս մասին «Արմենպրես» լրատվական գործակալությանն է փոխանցել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն այսօր հանդիպել էր ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։
«Հանդիպման ընթացքում մենք պայմանավորվել ենք կազմակերպել ընդլայնված հանդիպում ՀՀԿ խմբակցության հետ, և Վահրամ Բաղդասարյանն ինձ փոխանցել է, որ իրենց խմբակցությունում նախատրամադրվածություն կա՝ չխոչընդոտել մայիսի 1֊ին ժողովրդի թեկնածուի ընտրությանը վարչապետի պաշտոնում»,֊ ասել է Փաշինյանը։
Վարչապետ ընտրվելու համար ևս 6 ՀՀԿ-ականի ձայնի անհրաժեշտության մասին խոսելիս՝ Փաշինյանն ընդգծել է․ «Եթե կա այդ նախատրամադրվածությունը՝ չխոչընդոտել քվեարկությանը, նրանք (ՀՀԿ-ն- խմբ.) կքննարկեն և կկայացնեն այնպիսի որոշում, որը խոչընդոտ չի լինի ընտրությանը»:
Նշենք, որ երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան» դաշինք, ՀՅԴ և «Ելք», հայտարարել են վարչապետի պաշտոնում Փաշինյանի թեկնածությանը սատարելու մասին։ Ընդհանուր առմամբ, այդ խմբակցությունների պատգամավորների թիվը 47 է, մինչդեռ ՀՀԿ֊ն 58 պատգամավոր ունի։