հայաստանցիները ասում են՝ դուք շուտ-շուտ եք խորոված անում
Home / Ազգային ժողով / Պատրաստ եմ ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը․ Փաշինյանը՝ անելիքների մասին

Պատրաստ եմ ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը․ Փաշինյանը՝ անելիքների մասին

ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ է արել մարդկանց առժամանակ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության խաղաղ ակցիաները։ Նա հայտարարել է, որ պատրաստ է ստանձնել ՀՀ վարչապետի պաշտոնը։ Վաղը նրա առաջնորդած երթը պետք է մեկնարկի 17։00-ին Գարեգին Նժդեհի հրապարակից։

Հայաստանում քաղաքական վենդետա չի լինելու։ Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարել է ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ կարևոր համարելով կրկին վերահաստատել ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիրքորոշումը։

«Մենք քաղաքական վենդետա չենք անելու, մենք գնալու են համերարշխության և միաբանության ճանապարհով, դա է մեր երկրի միակ ճշմարիտ զարգացման ճանապարհը։ Մենք ապրում ենք նոր Հայաստանում, մենք նոր էջ ենք բացելու ձեր հետ և իրենց հետ…

…Ես չեմ հոգնում ասել՝ կան բազմաթիվ մասնագետներ բոլոր օղակներում, նրանք շարունակելու են ծառայել մեր հայրենիքին։ Ավելին՝ մենք ներգրավելու ենք նոր մասնագետներ՝ ներսից, դրսից, ովքեր հիասթափված գնացել են։ Նրանք պիտի գան, ծառայեն Հայաստանի Հանրապետությանը։

Մենք հավաքելու ենք բազմաթիվ առաջարկներ՝ մասնագետներից, ձեզանից, բոլորից։ Մենք ստեղծելու ենք խումբ, որտեղ բոլորը կանգնեն, ասեն, ես ունեմ մի այսպիսի միտք՝ քննեք։

Ի՞նչ ենք անելու մենք ինքներս․ ես չեմ վախենում այդ բառից՝ մենք ապահովելու ենք այդ պրոցեսի քաղաքական առջնորդությունը, մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը, որը բացակայել է այս տասնամյակների ընթացքում, մենք ցուցաբերելու ենք քաղաքական կամքը՝ կերտելու մեր երազաքների Հայաստանը», ֊ ասել է Միրզոյանը։

Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Զառա Բաթոյանը, իր հերթին, կոչ է արել ժամանակավոր կառավարությունից հետո, երբ «բոլոր պայմանները ստեղծվեն ազատ և արդար ընտրությունների համար, այնպես, ինչպես այստեղ ենք հավաքվել մի մարդու պես, այնպես էլ պետք է գնանք ընտրությունների»։

«Ինչո՞ւ։ Որ փակենք այն մարդկանց բերանները, ովքեր կասկածում են մեր իրավագիտակցության վրա։

Կոչ եմ անում, միամիտ չլինենք, մարդիկ շատ հեշտ չեն հրաժարվելու իրենց արատավոր վարքից։ Չմտածեք, թե շատ հեշտ հրաժարվելու են ընտրակաշառքներից, խաբեություններից», ֊ ասել է Բաթոյանը։

Իր ելույթում Փաշինյանն անդրադարձել է միջազգային մամուլում հայաստանյան թավշյա հեղափոխության մասին արձագանքներին․

«Ես այսօր արձանագրեցի դիտորդների և մասնագետների օգնությամբ, որ վերջին 20, գուցե 25 և ավելի տարում միջազգային մամուլում Հայաստան անունը այնքան չի արծարծվել, ինչքան արծարծվել է վերջին 15 օրվա ընթացքում։ Ընդ որում, միայն դրական երանգների ներքո։ Որովհետև տեսան թե ինչպես, այս փոքրիկ հետխորհրդային երկրում հնարավոր եղավ այս ողջ գործընթացը կազմակերպել այսքան բարձր մակարդակով առանց մի կրակոցի, առանց մի կաթիլ արյան»։

Նա նաև ներկայացրել է ապրիլի 29-ի անելիքները․

«Վերջին 30 օրում ես օրվա 90 տոկոսն անցկացրել եմ փողոցներում, դաշտերում, անտառներում, հրապարակներում և այդ ամենի արդյունքում եկել է մի պահ, որ ծայրահեղ անհրաժեշտություն է գոնե որոշ ժամանակ, գոնե օրվա կեսն անցկացնել գրասենյակային պայմաններում։ Վաղն առավոտից ես շատ կարևոր աշխատանքներ ունեմ անելու ԱԺ-ում, պետք է հանդիպում ունենամ խորհրդարանական խմբակցությունների բոլոր ներկայացուցիչների հետ, որպեսզի այդ քննարկումների արդյունքում՝ օրվա վերջում, ձեզ կարողանամ տեղեկատվություն տալ, որ ձեր առաջադրած թեկնածուի ընտրությունը վարչապետի պաշտոնում մայիսի 1-ին երաշխավորված է։

Ես չեմ կարողանա գրասենյակային պայմաններում հանգիստ աշխատել, եթե իմանամ որ հանրապետության տարբեր հատվածներում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են տեղի ունենում, իսկ ես սենյակում տարբեր քննարկումների եմ մասնակցում։ Վաղը նորից դադար ենք վերցնում և քաղաքացիական անհնազանդության ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Որպեսզի մենք հնարավորություն ունենանք մեր թիմով ԱԺ-ում քաղաքական կոնկրետ աշխատանքն ավարտին հասցնել։ Մեր դե֊ֆակտո հաղթանակի դե֊յուրե արձանագրումը երաշխավորելու համար։ Ես կոչ եմ անում նաև այս պահից սկսած դադարեցնել բոլոր Հանրապետական պատգամավորների հեռախոսներին հաղորդագրությունների և զանգերի միջոցով կոնտակտի դուրս գալը և նրանց առաջ պահանջներ դնելը։ Նախնական պայմանավորվածության համաձայն, ես վաղը Ձեր անունից հանդիպելու եմ նրանց որպես վարչապետի թեկնածու, որպեսզի մենք մեր օրակարգն ի վերջո ամբողջական քննարկենք և իրականություն դարձնենք։

Այս պահից սկսած մինչև ժամը 17։00-ն մենք ոչ մի գործողություն չենք իրականացնում։ Վաղը ժամը 17։00-ին ես գալիս եմ Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակ և այնտեղից երթով մենք գալիս ենք Հանրապետության հրապարակ և մենք իրար հետ որոշում ենք հետագա անելիքները՝ կախված իրավիճակից։ Ամեն դեպքում մյուս օրը՝ առավոտվանից, ժամը 08։00-ից բոլոր մարզերից հավաքվում ենք Հանրապետության հրապարակում։ Իսկ թե այդ օրը մենք ինչպես կանցկացնենք, որտեղ կանցկացնենք՝ կախված կլինի այդ առավոտ Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակից։

Ես հիմա շատ հստակ ուզում եմ պատասխանել Հայաստանում օդում կախված մի հարցի․ ես ուզում եմ ուղիղ, շատ հստակ Ձեր բոլորի աչքերի մեջ նայելով ամենայն վստահությամբ հայտարարել, որ, այո՛, պատրաստ եմ պատասխանատու ձևով ստանձնել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, որովհետև ծառայում եմ Հայաստանի Հանրապետության ժողովրդին»։