Հայաստանի նախկին արտգործնախարար, ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում շնորհավորել Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրվելու կապակցությամբ։ Նրա գրառման տակ հարյուրավոր օգտատերեր հիշեցրել են Մարտի 1-ի մասին։
«Սա մեր նոր սերնդի, երիտասարդության կամարտահայտությունն է, և մենք պարզապես իրավունք չունենք թույլ տալու, որ այս սերունդը հիասթափվի։
Անձամբ ես ներդնելու եմ իմ փորձը, գիտելիքները, կապերը և բոլոր հնարավորությունները կողքից նպաստելու նոր կառավարության հաջողություններին», – մասնավորապես, գրել է Օսկանյանը։
Այս գրառման տակ հարյուրավոր օգտատերեր գրել են «Մարտի 1»։ Օգտատերերից մեկն էլ մեկնաբանություններում դրել է նաև Օսկանյանի 2008 թվականի ասուլիսի տեսանյութը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ին, երբ վաղ առավոտյան ուժայինները Ազատության հրապարակում դաժանորեն ծեծի ենթարկելով մարդկանց ցրեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր֊Պետրոսյանի գլխավորած ընդդիմության խաղաղ հավաքը, այն ժամանակ արտգործնախարար Վարդան Օսկանյանը դարձավ այն պաշտոնյան, որը մամուլի ասուլիսով հանդես եկավ` խոսելով իշխանությունների դիրքորոշման մասին: Օսկանյանը, մասնավորապես, հայտարարել էր, որ «գնդակը Լևոն Տեր-Պետրոսյանի դաշտում է» և «9 թեկնածուներից (ՀՀ նախագահի թեկնածուներ֊խմբ․) միայն ինքն է, որ ձեռք չի մեկնում» Սերժ Սարգսյանի (ԿԸՀ֊ի կողմից ընտրություններում հաղթող ճանաչված֊խմբ․) համագործակցության կոչից հետո։ Անդրադառնալով Մյասնիկյանի արձանի մոտ կրկին հավաքված ցուցարարներին, որոնց թվում էր նաև Նիկոլ Փաշինյանը՝ Օսկանյանն ընդգծել է, որ «եթե այս արարքները շարունակվեն, բոլոր հրահամանագրերը պատրաստ են և նախագահը (Ռոբերտ Քոչարյան) ստիպված կլինի հայտարարել արտակարգ դրություն»։
Նշենք, որ մարտի 1-ի երեկոյան իշխանությունները հրահանգ են տվել կրակել ցուցարարների վրա, որի հետևանքով 10 մարդ է մահացել։ Մարտի 1-ի սպանությունների համար մինչ օրս ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։
2011 թվականի փետրվարին Օսկանյանը բացատրել էր իր քայլի դրդապատճառները` նշելով, որ ներողություն չի խնդրի, քանի որ մարտի 1-ի համար իրեն մեղավոր չի համարում:
«Նման իրավիճակում լռությունն ամենավտանգավոր բանն է, և պետք է գտնվեր մեկը, որ կարողանար խոսել ժողովրդի հետ: Ես կոչ եմ արել ընդդիմությանը երկխոսության: Այնպես որ, ես այդ իրադարձությունների կանխարգելման փորձ արած անհատ եմ», – ասել էր նա:
Օսկանյանի մարտիմեկյան ասուլիսը․