Արարատի մարզի Բաղրամյան գյուղի Թորգոմ Փոստաջյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադևոսյանը հեռացվել է պաշտոնից։ Ըստ Armtimes.com-ում հրապարակված տեսանյութի հերոսների՝ կոռումպացված տնօրենը ֆեյսբուքյան կեղծ էջով սպառնացել է, թե կհրապարակի ծնողներից մեկի դստեր մերկ լուսանկարները:
Կայքում հրապարակված տեսանյութում անչափահասի մայրը պատմում է՝ իր ֆեյսբուքյան էջում համագյուղացիներին կոչ է արել համախմբվել դպրոցի տնօրենի դեմ։
«Ընդամենը 2-3 ժամ հետո անբարո սմս-ներ են գալիս իմ անձին ուղղված, իմ անչափահաս երեխային ուղղված․ «նկարներ եմ հրապարակելու․․․»։ Ու սմս-ի սկզբում գրված ա՝աղջի Լուսինե, ինչի՞ ես ուզում վատություն արած լինես», – պատմում է մայրը։
Նշելով, որ 100-տոկոսանոց ապացույցներ չունի, Լուսինեն համոզմունք է հայտնել, որ անհայտ անձն ուղղորդվում էր դպրոցի ղեկավարության կողմից։ Աղջկա «բաց լուսանկարները» հրապարակելու վերաբերյալ սպառնալիքների հեղինակը սև ցուցակ է գցել կնոջն այն բանից հետո, երբ վերջինս հարցրել է՝ արդյո՞ք նա դպրոցի տնօրենի ցուցումով է գործում։
«Ամեն զիբիլի համար փող ա հավաքում ինքը։ Ես էլ պահ ա լինում ի վիճակի եմ [վճարել], պահ ա լինում՝ ի վիճակի չեմ։ Խի՞ պիտի իմ էրեխեն գնա, սրանից-նրանից պարտք անի․․․ Բոլորն էլ նույն վիճակում են», – ասել է Լուսինեն։ Նրա բողոքներին միացել է մեկ այլ աշակերտի մայրը, որի խոսքով՝ ծնողներից նույնիսկ պահանջվում էր մաքրել դպրոցը․ «Եթե չեն կարող գալ, պետք է գումար տան, որ ինչ-որ մեկը գա, մաքրի»։
Այլ պահանջների թվում ծնողները նշում են․ «Մենք ցանկանում ենք ռուսերենի մասնագետ ունենանք, ունենանք երգի ուսուցիչ, նկարչության ուսուցիչ․․․ Թե չէ հոգեբանը ռուսերեն ա դասավանդում, ֆիզիկայի դասատուն՝ մաթեմատիկա»։
Այսօր գյուղապետը տեղեկացրել է դպրոցի բակում բողոքողներին, որ տնօրենը գնացել է մարզպետարան՝ հրաժարականի դիմումը ներկայացնելու։