Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակում մայիսի 14-ին Սոչիում տեղի է ունեցել ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Վլադիմիր Պուտինն իր խոսքում ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի համար տարածաշրջանում հանդիսանում է մոտ գործընկեր և դաշնակից, դա վերաբերում է և՛ տնտնտեսական փոխգործակցությանը, և՛ անվտանգության հարցերին:
«Դուք գիտեք, որ Ռուսաստանը մնում է Հայաստանի առևտրատնտեսական առաջատար գործընկերը, ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսությունում կազմում է արտասահմանյան ներդրումների գրեթե 35 տոկոսը: Վերջին շրջանում մեզ մոտ նկատվում է առևտրաշրջանառության 25 տոկոսի աճ, և առաջանցիկ տեմպերով աճում են ոուսական շուկա հայկական գյուղատնտեսական ապրանքների մատակարարման ծավալները, նախորդ ամիսներին աճը կազմել է 38 տոկոս: Սա շատ լավ դինամիկա է, և ես հույս ունեմ, որ մեզ կհաջողվի ոչ միայն պահպանել այն, այլև բազմապատկել: Ցանկանում եմ Ձեզ հաջողություններ մաղթել կառավարության ղեկավարի պաշտոնում և հույս ունեմ, որ մեր հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն կերպ, ինչպես եղել է մինչ այժմ: Մենք նույն ակտիվությամբ կաշխատենք միջազգային ասպարեզում, միջազգային կազմակերպություններում՝ սկսած Միավորված ազգերի կազմակերպությունից, որտեղ Հայաստանը և Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց, ավարտած մեր տարածաշրջանային կազմակերպություններով, և՛ անվտանգության ոլորտում, և՛ տնտեսական զարգացման», – մասնավորապես, ասել է Պուտինը:
Նիկոլ Փաշինյանը, իր հերթին, նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային և ռազմավարական հարաբերությունները քննարկման ենթակա չեն:
«Սկզբունքորեն կարող եմ վստահեցնել, որ այդ հարցում Հայաստանում կա կոնսենսուս, և հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական կարևորությունը ոչ ոք երբևէ չի դրել, և կարծում եմ, չի դնի կասկածի տակ: Մենք տրամադրված ենք և լի էներգիայով՝ նոր թափ հաղորդել մեր հարաբերություններին և՛ քաղաքական, և՛ առևտրատնտեսական ոլորտներում: Հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները ռազմատեխնիկական ոլորտում և այլ բնագավառներում: Այժմ Ռուսաստանից շատ զբոսաշրջիկներ են ժամանում Հայաստան, ինչը հաճելի է: Կարծում եմ՝ Հայաստանը դուր է գալիս ռուս զբոսաշրջիկներին, հայերին նույնպես շատ է դուր գալիս տեսնել այդքան զբոսաշրջիկներ Երևանում: Մենք շատ բարձր ենք գնահատում այն բալանսավորված դիրքորոշումը, որը Ռուսաստանն ուներ մեր ներքաղաքական ճգնաժամի ընթացքում և ես կարծում եմ, որ դա շատ կառուցողական դիրքորոշում էր, ինչը բարձր է գնահատվում ոչ միայն մեր կառավարության, այլ նաև հայ հասարակության կողմից», ֊ ՀՀ վարչապետի պաշտոնական կայքը փոխանցում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը: