Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներն այսօր գործադուլ են հայտարարել։ Նրանք բողոքում են ցածր աշխատավարձերի պատճառով։
Գործադուլավորներից մեկը, մասնավորապես, ասել է, որ իր աշխատավարձը 60 հազար դրամ է․ «Ձեռ ե՞ք առնում»։
Երբ բողոքողներից մեկն առաջարկել է դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ակցիայի մեկ այլ մասնակից ասել է․ «Էլի կդիմենք Փաշինյանին, բայց մեր հարցը չե՞նք կարում ստեղ լուծենք»։
Բողոքողները պնդել են, որ կոմբինատի ղեկավարությունը մշտապես խաբում է իրենց․ «Հերիք է, միշտ խաբում եք։ Մի քոսոտ տեղ ենք աշխատում, մի հատ էլ նորմալ փող չեն տալիս»։
Կոմբինատի ղեկավարությունից մեկն առաջարկել է բողոքողներին աշխատել մինչև հունիսի 1-ը, որից հետո հասկանալ՝ ինչ է հնարավոր անել։
Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը (Ագարակը խոշորացման հետևանքով միացել է Մեղրիին) հանդիպել է բողոքողներին և խնդրել է շարունակել աշխատանքը։ Նա առաջարկել է բողոքողներից մի քանիսին սկսել քննարկել խնդիրը կոմբինատի ղեկավարների հետ, մինչ մյուսները կաշխատեն։
«Եթե հարցը չլուծվի, ես ձեզ հետ գործադուլ կանեմ», ֊ հայտարարել է Մխիթար Զաքարյանը։
Այս պահին բանակցությունները շարունակվում են, բողոքողները դեռևս հրաժարվում են վերսկսել աշխատանքը։
«Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ֊ն պատկանում է «Գեոպրոմայնինգ» ընկերությանը, որի հիմնական կապիտալը ռուսաստանյան է։