Երևանի «Սուրմալու» տոնավաճառի մոտ 50 տաղավարների վարձակալներ այսօր գործադուլ են հայտարարել՝ պահանջելով վարձակալության վճարների նվազեցում։ Այս մասին Epress.am֊ի հետ զրույցում ասած բողոքի ակցիայի մասնակիցներից Սամսոն Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ տոնավաճառում տաղավարի մեկ քառակուսի մետրի վարձակալությունն արժե 10 հազար դրամ, ամսական կտրվածքով՝ 300֊400 հազար դրամ։
«Տնօրենը դուրս է եկել, խոսում է մարդկանց հետ, ասում, որ չի կարող վարձակալության գումարը իջեցնի, քանի որ ամիսը 37 մլն դրամ հարկային է մուծում և այլն։ Բոլոր շուկաներում էլ մարդկանց հետևյալ պլանն էր հրամցվում՝ վերևը Սերժին փող ենք տալիս, չենք կարող իջեցնել, մեր վզին դրած է։ Հիմա մարդիկ ասում են՝ էլ Սերժ չկա, դե իջեցրու»,֊ ասել է Գրիգորյանը։
Վերջինիս խոսքով՝ իրենք վճարների կեսը միշտ «սևով» են տվել, պաշտոնապես հայտարարագրվել է վճարի 50 տոկոսը։
Մեր զրուցակիցը նշել է, որ մարդիկ տրամադրված են շարունակել գործադուլը, իրենց պահանջին հետամուտ լինել։