Ջրվեժի բնակիչ Էդուարդ Հինյանը պնդում է, որ դարձել է ՀԷՑ տեսուչցների և բժիշկների հանցավոր համագործակցության զոհ. տեսուչները ծեծել են իրեն, պատճառել կյանքին վտանգ սպառնացող վնասվածք, իսկ բժիշկները կոծկել են այդ վնասվածքները՝ կեղծ եզրակացություն տալով:
Դեպքը տեղի է ունեցել 2016 թվականին ապրիլի 25-ին, երբ Հինյանը հրաժարվել է վճարել 30 հազար դրամ էլեկտրաէներգիայի համար՝ պնդելով, որ տեսուչն ավել թիվ է գրել։ Հինյանի խոսքով՝ հաշվիչը ջարդված է եղել, իսկ ինքն անգամ ձմռան ցուրտ ամիսներին 15 հազար դրամից ավել չի վճարել, դրա համար էլ ապրիլին 30 հազարն իր համար աբսուրդային թիվ է եղել։ Հայաստանի էլեկտրական ցանցերի (ՀԷՑ) տեսուչ Ս. Մ.-ն եկել է Հինյանի տուն՝ մի քանի այլ տեսուչների հետ: Մեր զրուցակիցն նշել է, որ տանը մենակ էր 4 տարեկան որդու հետ: Տեսուչներից մեկն ասել է՝ երեխայիդ բերել ես, որ չտփե՞նք: Տեսուչների և Հինյանի միջև քաշքշուք է սկսվել, վերջինս ընկել է գետնին և հարվածներ ստացել, այդ թվում՝ գլխի հատվածում: «Ծեծ» հոդվածով մեղադրանք է առաջադրվել և Հինյանին, և տեսուչ Մ․֊ին:
Նույն օրը Հինյանը շտապօգնության մեքենայով տեղափոխել է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրա մոտ ախտորոշել են աջ քունքային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ: Օրեր անց, ունենալով գլխապտույտներ, Հինյանը դիմել է բժշկի՝ «Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոն, որտեղ ռենտգեն հետազոտությունը ցույց է տվել աջ քունքային ոսկրի կոտրվածք:
«Սալջարդն ու կոտրվածքը շատ տարբեր բաներ են: Ու ես մտածեցի, որ տեսուչները, որ եկել էին շտապօգնության հիվանդանոց, համագործակցել են բժիշկների հետ և կեղծել են եզրակացություն՝ ծանր մեղադրանքից խուսափելու համար: Ես նոր հետազոտությունը տարա դատաբժիշկի մոտ, նոր հանձնաժողովային հետազոտությունը հաստատեց և մեղադրանքը ծանրացվեց՝ տեսուչի վրա դրեցին 112֊րդ հոդված (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Հետո տեսուչ Մ․֊ն փորձում է համոզել ինձ հետ վերցնել բողոքը և ասել, թե իբր ընկել եմ»,- Epress.am-ին ասել է Հինյանը:
Բացի սխալ եզրակացություն տալուց, Հինյանի պնդմամբ, «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում նշել են, թե իբր անցկացրել են արյան, մեզի ընդհանուր անալիզ և սոնոգրաֆիա, ինչը իրականում չի արվել և այդ տվյալները չկան:
«Ես խնդրում եմ համապատասխան մարմիններին, թող բացահայտեն՝ ինչպես են արվել այդ կեղծիքները և ով է դրա համար պատասխանատու: Եվ ինչու տեսուչը չի կալանավորվել և շարունակում է աշխատել: Թող հիմա բոլոր 112-ով կալանավորվածներին ստորագրութամբ բաց թողնեն»,- ասել է Հինյանը: