«Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքի գործունեությունը կասեցվել է: Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Մեղրիի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանը։
Մայիսի 18֊ին Մեղրի համայնքի մի խումբ բնակիչներ գնացել են Լիճքի հանքավայրի տարածք և ղեկավարությանը ներկայացրել մեղրեցիների դժգոհությունը տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման վերաբերյալ։ Նրանք նաև բողոքի ակցիա էին նախատեսել, սակայն այն չէին անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հորդորից հետո, որը կոչ էր արել դադարել փակել փողոցները։
Մեղրեցիները ստորագրահավաք էին սկսել Նիկոլ Փաշինյանին ուղղված հանրագրի տակ՝ Մեղրի համայնքի տարածքում երկրաբանահետախուզական և հանքերի շահագործման աշխատանքներն արգելելու, Լիճք բնակավայրում գործող պղնձի հանքավայրի շահագործումը դադարեցնելու և համայնքի տարածքում մետաղական հանքավայրերի շահագործման նկատմամբ վերահսկողություն սահմանելու նպատակով:
2016 թվականից «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից Լիճքի տարածքում պղնձի և մոլիբդենի հանքավայր է շահագործվում: Այս հանքավայրի տարածքը գտնվում է «Արևիկ» ազգային պարկի սահմաններում, Մեղրի համայնքի խմելու ջրամատակարարման ջրաբաշխիչ համակարգի սանիտարական գոտին նույնպես այս տարածքում է, և հանքավայրի շահագործումը կարող է ինչպես որակական, այնպես էլ քանակական բնույթի շատ լուրջ ազդեցություն թողնել Մեղրի գետի ջրի և խմելու ջրամատակարարման համակարգի վրա: