Ջերմուկի ավագանին և համայնքի բնակիչները ստորագրահավաքով դիմել են նոր Կառավարությանը՝ խնդրելով նոր, անկախ փորձաքննության ենթարկել Ամուլսարի ոսկու կորզման «Լիդիան Արմենիա» ընկերության առաջարկած ծրագիրը։ Ջերմուկցիները պահանջում են անկախ փորձաքննական խմբում ներգրավվել իրենց համար վստահել քիմիկոսների, ֆիզիկոսների, երկրաբանների։ Դիմումը ստորագրել են ավագանու 11 անդամներից 9-ը։ Իսկ ստորագրահավաքին մասնակցել 2000 ջերմուկցիներ։
Դիմումատուների ներկայացուցիչներից երկուսը՝ Ահարոն Արսենյանն ու Արթուր Գրիգորյանը, հանդիպել են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Հանդիպումից հետո 2 ներկայացուցիչները հանդիպման մասնրամասներ ներկայացրել են Ջերմուկի, Կեչուտի և Գնդեվազի բնակիչներին՝ Կեչուտ գյուղի մանկապարտեզի շենքում մայիսի 26-ի քննարկման ժամանակ։ Ըստ նրանց՝ Ավինյանն իրենց վստահեցրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոստացած ստուգումները հանքաարդյունաբերության ոլորտում սկսվելու են հենց Ամուլսարի ուսումնասիրությունից։
«Ավինյանն ինֆորմացված էր «Լիդիանի» շուրջ իրավիճակից։ Խոստացավ, որ կանցկացվի անկախ փորձաքննություն, մեզ համար ընդունելի, թափանցիկ ճանապարհով։ Իրենք այս նախագիծը ժառանգություն են ստացել նախորդ կառավարությունից, ուստի կարիք կա օբյեկտիվորեն հասկանալու՝ արդյոք խախտումներ արվել են։ Եթե պարզվի, որ այո, հանքարդյունաբերական ծրագիրը կդադարեցվի։ Եթե ոչ, մենք՝ պետական բյուջեի հաշվից ստիված կլինենք փոխհատուցել «Լիդիանին» (ծրագիրը կասեցնելու դեպքում֊խմբ․)»,֊ ասել է Արսենյանը։
Արսենյանն ու Գրիգորյանի հաղորդմամբ՝ Ավինյանը նշել է, որ գումարի չափը կարող է հասնել 2 միլիարդ դոլարի։ Փոխվարչապետը խոստացել է մեկ շաբաթ անց մարնարասներ հաղորդել նոր փորձաքննության ձևաչափի մասին։
Այնուամենայնիվ, բնակիչները որոշել են դադարեցնել բողոքի ակցիաները և սպասել անկախ փորձաքննության մանրամասներին։
Ջերմուկի ավագանու անդամ, «Արմենիա» առողջարանի բժիշկ Հասմիկ Սարգսյանը Epress.am֊ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ «Լիդիանը» պետք է փոխհատուցի հասցրած վնասի համար։
«Մեր բողոքը կապ չունի նոր կառավարության հետ։ Ուղղակի հիմա է, որ շինարարական աշխատանքները մոտենում են ավարտին և պետք է հանքը շահագործվի։ Մարդիկ ակտիվացել են, որ թույլ չտան հանքը շահագործվի»,֊ ասել է նա։
Բժշկի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում ջերմուկցիները նաև նկատել են հանքի աշխատանքների հետևանքները։
«Եկել են գյուղացուն ասել են՝ ոսկու հանք, աշխատատեղ, մարդիկ չեն պատկերացրել՝ ինչ է սպասվում։ Բայց հիմա սարքել են տնակները, ջրագծեր են վնասվում, փոշի է նստում, մեր ասֆալտները դարձրել են դարչնագույն, լվացքը փռում ես՝ չես կարող հավաքել, ձյունը նարնջագույն է։
Գյուղացիները բողոքում են, որ անասունը խոտը չի ուտում։ Որպես բժիշկ կարող եմ ասել, որ ավելացել են օնկոլոգիական հիվանդությունները»,֊ ասել է Սարգսյանը։
Նա ասել է, որ պետք չէ խառնել տուրիզմն առողջարանային բուժման հետ։
«Տուրիստներին նույնիսկ կարող են տանել հանքը ցույց տալ, որպես ևս մեկ դիտարժան վայր։ Իսկ կուրորտոլոգիան այլ բան է։ Մարդիկ գալիս են բուժվելու, մնում են ավելի երկար։ Նրանք չեն գա մի տարածք, որտեղ հանք կա»,֊ ասել է նա։
Ավագանու դիմումը ստորագրել են Ավագանու 11 անդամներից 9֊ը, 2֊ը՝ բացակայում էին քաղաքից։ Դիմումը չի ստորագրել միայն ավագանի Արթուր Գրիգորյանը, ում դուստրը աշխատում է հանքում։ Ջերմուկում հավաքվել է մոտ 2000 ստորագրություն։