Գյումրու ավագանու այսօրվա նիստի ժամանակ ավագանու անդամների մեծամասնությունը կողմ է քվերակել «ԳԱԼԱ» խմբակցության կողմից ներկայացված առաջարկին՝ զրկել նախկին վարչապետ, Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, նրա եղբորը՝ ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի Հայ եկեղեցու պատմության և եկեղեցաբանության ամբիոնի վարիչ Լևոն Սարգսյանին և 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին Գյումրու քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումից։
«Այս մարդկանց կառավարումը մեր երկրի համար ունեցել են կործանարար հետևանքներ․ սոցիալական ծանր վիճակ, արտագաղթ, հոկտեմբերի 27 և մարտի 1։ Նրանք հանցագործություններ են գործել ժողովրդի առաջ և Հայաստանը գլորել են անդունդը։ Եվ ահա այս պայմաններում Գյումրու ներկայիս և նախկին իշխանությունների թեթև ձեռքով, նրանց քաղաքական կամքի բացակայության, այդ պահին իշխանություններին հաճոյանալու, իրենց աթոռն անսասան պահելու, իրենց կուտակած հարստությունը պահպանելու համար, անտեսել և արժեզրկել են գյումրեցիների համբավը», -ներկայացնելով կոչումից զրկելու պատճառներն՝ ասել է ԳԱԼԱ խմբակցության անդամ Արման Գրիգորյանը։
Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հորդորել է «չքաղաքականացնել այդ ամենը»։ Նա նշել է, որ ինքը չի մասնակցելու քվեարկությանը, որ «չասեն քաղաքապետը ուղղորդել է մեզ»։
«ԳԱԼԱ» խմբակցության ավագանու անդամ Քրիստինե Մկրտչյանը ներկայացրել է, թե ըստ գործող կարգի, ովքեր կարող են դառնալ Գյումրու պատվավոր քաղաքացի․ «Գյումրու համայնքի պատվավոր քաղաքացու կոչմանը կարող են արժանի լինել այն քաղաքացիները, որոնք իրենց երկարամյա, անբասիր աշխատանքով, բացառիկ մեծ վաստակով նպաստել են մեր համայնքի զարգացմանը։ Ես նշեմ մի քանի անուններ, որոնք կրում են այդ կոչումը՝ Վիկտոր Համբարձումյան, Արամ Խաչատրյան, Մարտիրոս Սարյան, Շառլ Ազնավուր, Արտավազդ Փելեշյան, Արթուր Ալեքսանյան։ Գտնում ենք, որ Սերժ Սարգսյանն այն անձնավորությունը չէ, որն արժանի է կրելու Գյումրու պատվավոր քաղաքացու կոչումը և գյումրեցիները՝ ի դեմս մեզ՝ իրենց ներկայացուցիչների, պետք է կարողանան իրեն զրկել այդ կոչումից»։
Նա ներկայացրել է Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած իրադարձությունների մասին մի քանի թվային տվյալներ, որոնք մեջբերվել են Ազգային վիճակագրական ծառայության զեկույցներից՝ 2008-2018 թթ․-ին, այսինքն՝ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիների ընթացքում «ապահով» երկրից հեռացել ու չի վերադարձել 280 հազար քաղաքացի։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2007 թվականին աղքատ էր Հայաստանի բնակչության 26,5 տոկոսը,իսկ 2017 թվականին՝ շուրջ 30 տոկոսը։ ՀՀ պետական պարտքը 2008 թվականին՝ Սերժ Սարգսյանի կողմից նախագահի պաշտոնը ստանձնելու ժամանակ 1,9 միլիարդ էր, այժմ շուրջ 6 միլիարդ դոլարի է հասնում։
Ավագանու անդամները հարց են բարձրացրել՝ ինչ կարգով են տալիս պատվավոր քաղաքացի կոչումը։
«Շատ լավ հարց տվեցիք։ Ես ուզում եմ հորդորել, խնդրել, քանի որ Լևոն Բարսեղյանը հստակ կարող է չափորոշիչները դնել, ներկայացնի մեզ և վերջապես մենք հասկանանք, թե ով կարող է լինել պատվավոր քաղաքացի, վերջնական այս հարցին լուծում տալ․․․ Ինձ թվում է՝ պատվավոր քաղաքացու համար պետք է լինեն չափորոշիչներ»,- ասել է Բալասանյանը։ Նշենք, որ հենց վերջինս էր Սերժ Սարգսյանի եղբորը առաջադրել պատվավոր քաղաքացու կոչումին՝ 2016թ-ի օգոստոսին՝ ՏԻՄ ընտրություններից առաջ:
Նիստի քննարկման օրակարգում էր դրվել նաև ԱԱԾ նախկին ղեկավար Գորիկ Հակոբյանին կոչումից զրկելու առաջարկը։ Բալասանյանը խնդրել է այն հանել օրակարգից, քանի որ մահացած մարդու հետ նման կերպ վարվելը տգեղ է:
ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանը հակադարձել է՝ նշելով, որ ինչպես հնարավոր է անձին հետմահու կոչում շնորհել, նույն հաջողությամբ էլ կարելի է հետմահու զրկել կոչումից: 7 կողմ, 8 դեմ, 6 ձեռնպահ ձայնով նախագիծը չի ընդունվել։ Լևոն Բարսեղյանը խոստացել է հաջորդ ավագանու նիստին կրկին օրակարգ մտցնել այս հարցը:
Ալետա Հակոբյան